«Փաստ». Վենետիկի հանձնաժողովը համագործակցո՞ւմ է Գագիկ Հարությունյանի հետ
«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանյան իրականության մեջ վերջին մեկ տարվա ընթացքում ամենաինտրիգային հարցը, որը դեռևս վերջնական հանգուցալուծում չի ստացել, վերաբերում է ՀՀ դատաիրավական ոլորտի փոփոխություններին, իսկ ավելի կոնկրետ՝ ՍԴ շուրջ ընթացող գործընթացներին, որոնց պատճառով իշխանությունները փաստացի խոր ճգնաժամ ձևավորեցին Սահմանադրական դատարանում։ Այս հարցում իշխանությունը միջազգային հարթակներում տեղի ունեցող ամեն մի զարգացում մատուցում է իրեն ձեռնտու «սոուսով»՝ հույսով, որ միջազգային գործընկերներն իրենց դատողություններն ու եզրահանգումները կայացնելիս ստեղծված ընդհանուր պատկերի մասին հստակ պատկերացում չեն ունենա և ադեկվատ գնահատական տալու հնարավորությունից զրկված կլինեն։
Սակայն հասկանալի է, որ միջազգային ոչ մի կառույց չի առաջնորդվում բացառապես միակողմանի տեղեկատվությամբ: Բոլորվին վերջերս հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ մի քանի անգամ իր հեղինակավոր կարծիքը ներկայացրեց Վենետիկի հանձնաժողովը, որն, ինչպես հայտնի է, դատաիրավական ոլորտում ընթացող գործընթացները վերահսկող առանցքային կառույցներից է, և չնայած հանձնաժողովն ունի զուտ խորհրդատվական կարծիք, այնուամենայնիվ, Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ցանկացած իրավական գործընթացում գերկարևոր է և անկյունաքարային։
«Փաստ» թերթի ունեցած տեղեկություններով` ՍԴ և ՀՀ դատաիրավական ոլորտի շուրջ ստեղծված զարգացումների հետ կապված հանձնաժողովն այսօր էլ խորքային համագործակցում է ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի հետ, որն, ըստ մեր տեղեկությունների, բավականին մտերիմ հարաբերություններ ունի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: