Հյուսիս-հարավի կապալառուի հարցով դատարան մտնելու համար 420 հազար եվրո հատկացվեց
Կառավարությունն այսօրվա նիստում չքննարկվող նախագծերից մեկով որոշեց 420 հազար եվրո հատկացնել Linklaters ընկերությանը՝ Իսպանիայի դատարաններում Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնելու և պաշտպանելու համար:
Իրավաբանական-փաստաբանական ծառայությունների գնման անհրաժեշտությունը պայմանավորված է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և «Կորսան Կորվիամ Կոնստրուկցիոն» ընկերության («Կորսան») միջև կնքված թիվ T1-T2-CW01 պայմանագրի շուրջ իսպանական դատարաններում պրոցես սկսելու անհրաժեշտությամբ:
Հիշեցնենք որ վերջինս չէր վճարել ճանապարհի շինարարության մեջ ներգրավված ենթակապալառու կազմակերպություններին:
Linklaters ընկերությունն ընտրվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի թիվ 541-Ա հրամանով հաստատված ՀՀ տարածքից դուրս փաստաբանական և իրավաբանական ծառայությունների գնման կարգի և ձևավորված փաստաբանական և իրավաբանական ծառայություններ մատուցող մասնագիտական ընկերության թեկնածուի ընտրության գործընթացի անցկացման և արդյունքների ամփոփման հանձնաժողովի հրավիրված հեռակա նիստի արդյունքում։
Իրավաբանական ընկերությունն իր գնառաջարկում ներկայացրել է 50,000 եվրոյի չափով կանխավճարի պահանջ։ Բացի այդ, փաստացի մատուցված ծառայությունների դիմաց վճարումը նախատեսվում է կատարել յուրաքանչյուր ամիս ընկերության ներկայացրած հանձնման-ընդունման արձանագրությունների և հաշվարկային փաստաթղթերի հիման վրա։
Կառավարությունը որոշեց պետական բյուջեից վարչապետի աշխատակազմին հատկացնել 420,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ՝ 2020թ. ընթացքում վճարումները ժամանակին ապահովելու նպատակով։