«Music 20» դասական երաժշտության փառատոնը Հայաստան է բերում աշխարհահռչակ արտիստների
Հուլիսի 10-28-ը Երևանում կայանալու է «Music 20» խորագրով առցանց միջազգային փառատոն։ Աշխարհի տարբեր ծայրերից 19 օր շարունակ դասականի սիրահարները կարող են առցանց վայելել 9 սիմֆոնիկ, 5 կամերային համերգ, 3 մենահամերգ և 2 անսամբլային համերգ։
Միջազգային փառատոնին ելույթ կունենան հանրահայտ մենակատարներ և դիրիժորներ՝ Սերգեյ Դոգադինը, Ֆրանչեսկա Դեգոն, Անդրեյ Բարանովը, Գլորիա Քամփաները և Հայկ Կազազյանը։ Համերգային ելույթները տեղի կունենան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Փառատոնի պաշտոնական նվագախումբն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ:
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանն ասուլիսում ասաց, որ նմանատիպ միջոցառում անցկացնելու գաղափարը ծնվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի մոտ, որը կիսվել է իր հետ, քննարկել են ու եկել այն ձևաչափին, որն այսօր արդեն կյանքի է կոչվում։
«Ի շնորհիվ «Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի», իրենց աջակցությամբ, ֆինանսավորմամբ, մենք կարողացանք կազմակերպել «Music 20 –Covid 19» դասական երաժշտության փառատոնը, որին մասնակցելու են բազմաթիվ հանրահայտ երաժիշտներ աշխարհի տարբեր երկրներից։ Կարևոր է մեզ համար այս միջոցառումն այն առումով, որ պանդեմիայի ժամանակ մշակույթը, դասական երաժշտությունը գտնվոմ է ծանր վիճակում, Հայաստանը հանդիսանում է այն երկրներից մեկը, որն այս պայմաններում կարողանում է համապատասխան բոլոր նորմերին՝ անվտանգության, առողջապահության, կազմակերպել նմանատիպ միջոցառում, որտեղ մշակույթը շարունակում է ապրել ու իր վերաբերմունքն է ցույց տալիս համավարակին ու կովիդի դեմ պայքարին»,- նշեց նա։
Ասուլիսին ներկա Սերգեյ Սմբատյանն ասաց, որ այսօր մշակութային նախագծեր աշխարհում չկան, Հայաստանը նշում է այն փաստը, որ կարողանում է բոլոր դժվարությունները հաղթահարելով՝ ստեղծել արժեք, միջավայր։
«Աշխարհահռչակ արտիստներ կգան Հայաստան, Հայաստանը կլինի այն կենտրոնը, որին կնայի դասական երաժշտության ունկնդիրը։ Ակնկալում ենք 100 հազար օն-լայն դիտումներ»,- նշեց նա։
Ս. Սմբատյանի խոսքով, ավելի քան 23 մենակատար է գալու Հայաստան. «Իհարկե, դժվար կլինի նվագախմբի համար, քանի որ ամեն օր տարբեր դիրիժորներ, մենակատարներ, երաժշտություն։ Աշխարհում չգիտեմ փառատոն, որն անցկացվում է այսքան երկար ու խիտ ծրագրով, հանրահայտ երաժշիտներով»։
Նա նշեց, որ, իհարկե, առցանց համերգները չեն կարող փոխարինվել հանդիսատեսով լեցուն դահլիճում կայացող համերգներին, սակայն այս պայմաններում իրենց նպատակն է կազմակերպել փառատոն, տոնակատարություն, հնչի երաժշտություն ու մարդիկ կարողանան լսել։ Ըստ նրա, աշխարոհւմ նման ֆորմատով փառատոն չի կայացել։
Կարեն Ղազարյանն ասաց, որ պարետատունն իր աջակցությամբ, ուղղորդությամբ հնավորություն է տվել այս պայմաններում կազմակերպել միջոցառում՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները։
Սերգեյ Սմբատյանը նշեց, որ հյուրերը հրավեր են ստանում պարետատան ստորագրությամբ։ Նա նշեց, որ համերգի ժամանակ արտիստները պահում են սոցիալական հեռավարություն, պահվում են անվտանգության բոլոր կանոնները։
Կարեն Ղազարյանն էլ շարունակեց, որ բոլոր հյուրերը, որոնք գալիս են Հայաստան, հանձնում են թեստ, պահում են կարանտինի ժամկետը, նոր հնարավորություն են ստանում մտնել դահլիճ։
«Մեր շենք մտնելուց առաջ հատուկ սարք է տեղադրված, որի միջով անցնելով՝ լիարժեք ախտահանում են, բոլորը կրում են դիմակներ։ Միայն երաժշտությունը նվագելուց են դիմակները հանում, բայց այդ պահին արդեն գտնվում են սոցիալական հեռավորության վրա։ Փողայինները փակ պատնեշի հետևում են, որը հնարավորություն չի տալիս մղվող օդը տարածվի»,- նշեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա