«Բիլայն»-ում աշխատանքից զանգվածային ազատումներ չեն լինելու. Հայկ Եսայան
«Բիլայն»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք դեմ են, որ ընկերությունը վաճառվի Եսայան եղբայրներին։
Հիշեցնենք, որ այսօր ՏՄՊՊՀ-ն հավանություն է տվել «ՎԵՈՆ Արմենիա» («Բիլայն») փակ բաժնետիրական և «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների համակենտրոնացմանը։ «Թիմ» ՍՊԸ-ի հիմնադիրները Եսայան եղբայրներն են, որոնք բաժնետերերի հետ ունեցած խնդիրներից հետո հեռացել էին «Յուքոմ» ընկերությունից։
«Բիլայնի» աշխատակիցները նշում են, որ իրենք դեմ են ընկերության վաճառքին։ Սակայն չեն հիմնավորում, թե ինչու են դեմ, այլ ասում են՝ պարզաբանումը կտա ղեկավարությունը։
Այնուամենայնիվ, նրանք մտավախություն են հայտնում, որ կկորցնեն իրենց աշխատանքը։
«Թիմ» ՍՊԸ-ի հիմնադիրներից Հայկ Եսայանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ աշխատանքից զանգվածային ազատումներ չեն լինելու.
«Իրենց ներուժը պետք է, մենք ընդամենն ասում ենք, որ մարդկային ռեսուրսի կարիք ունենք և ավելի մեծ ուժով կարող ենք աշխատանքներ իրականացնել։ Արդեն քսան տարի է՝ մենք այս ոլորտում ենք, և միշտ նկատում ենք մարդկային ռեսուրսի պակաս։ Եվ հիմա ընդհանրապես խնդիր չեմ տեսնում այդ աշխատանքների հետ կապված։ Մենք կորոնավիրուսի օրերին հիմնեցինք «Թիմ» ընկերությունը և ստեղծեցինք 400 աշխատատեղ։ Հիմա արդեն երկու ընկերությունների աշխատակազմը միացնելու ենք, որ ավելի մեծ ռեսուրս ունենանք»։
Նա վստահեցրեց, որ ընկերությունների միավորմամբ երկրում ավելի շատ աշխատատեղեր են ստեղծվելու, քան այսօր կա։
Դիտարկմանը, որ «Բիլայնի» աշխատակիցները մտավախություն ունեն, որ իրենց փոխարեն աշխատանքի կանցնեն «Յուքոմ»-ից Եսայան եղբայրների հետ աշխատանքից ազատված 500 աշխատակիցները, Հ. Եսայանն արձագանքեց՝ մենք նման կերպ չենք վարվելու, նման մտադրություն չունենք։
«Այդ աշխատակիցներն այսօրվա խնդիրները լուծելու համար են աշխատում, իսկ մենք նոր խնդիրներ ենք առաջ բերելու, և նոր աշխատակիցներ ենք ներգրավվելու։ Չգիտեմ՝ ինչու են մարդիկ այդպիսի մտահոգություն հայտնում, բայց կարծում եմ՝ ուղղորդողներ կան»,- ասաց նա։
Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում մեղադրանքներին, թե վերջին օրերին «Յուքոմ»-ի կապի խափանումները կապված են Եսայան եղբայրների հետ, նա պատասխանեց՝ ուղղակի ծիծաղելի են այդ հայտարարությունները։
«Մենք ընդհանրապես դրա հետ կապ չունենք։ Եվ եթե հստակ իմանայինք՝ ով է նման բան ասել, կգնայինք դատական պրոցեսով։ Բայց պաշտոնապես ասում եմ՝ նման բան չկա։ Անգամ այդ օրը երեկոյան մենք նախկին աշխատակիցների հետ հավաքվել ենք, որ եթե դիմեն, օգնենք խնդիրը լուծել»,- նշեց նա։
Հարցին, թե ի՞նչ երաշխիք կարող են ունենալ «Բիլայն»-ի աշխատակիցները, որ իրենք գործազուրկ չեն դառնալու, Հայկ Եսայանը պատասխանեց՝ մինիմում վեց ամիս որևէ բան չենք անելու.
«Միանշանակ լինելու է նաև աշխատակիցների հետ հանդիպում։ Հենց ունենանք իրավասություն, հաջորդ պահին կհանդիպենք նրանց հետ»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան