18:36 10/07/2020 Հայաստան

Հակոբ Արշակյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է ներդրումների ներգրավման հնարավորությունները

 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԲՏԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ողջունելով դեսպանին նախարարն անդրադարձել է Covid-19 համավարակի հետևանքով Հայաստանում և ԱՄՆ-ում ծագած մարտահրավերին և հույս հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի հաղթահարել ստեղծված իրավիճակը։ Նախարարը ներկայացրել Հայաստանում համավարակի տնտեսական հետևանքները մեղմելուն ուղղված պետական աջակցության ծրագրերի ընթացքը:

Դեսպան Լին Թրեյսին նշել է, որ Հայաստանը շարունակում է ուրվագծել իր բարձր տեխնոլոգիական ապագան, և այդ համատեքստում կարևորում է նախարար Արշակյանի հետ մտքեր փոխանակելու այս հնարավորությունն այնպիսի նախաձեռնությունների շուրջ, որոնք կօգնեն Միացյալ Նահանգներին ու Հայաստանին նորարարության առաջամարտիկների դիրքում լինել և ավելի մեծ տնտեսական աճի հետամուտ լինել այնպիսի եղանակներով, որոնք համահունչ են ընդհանուր արժեքներին և բխում են ազգային անվտանգության շահերից։

Խոսելով համավարակի մասին՝ դեսպանը նշել է, որ չնայած աշխարհում գործընթացները դանդաղել են, և ակտիվ ներդրումները էականորեն նվազել, սակայն  Միացյալ Նահանգները շարունակում են հետաքրքրված լինել Հայաստանում ներդրումների իրականացմամբ:

Հակոբ Արշակյանը նշել է, որ ԱՄՆ Սիլիկոնյան հովիտը հանդիսանում է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության համագործակցության գլխավոր ուղղություններից մեկը, և ԲՏԱՆ կողմից իրականացվող Վիրտուալ կամուրջ ծրագրի շրջանակներում ապահովվելու է 45 մասնակիցների այցելություն Սիլիկոնյան հովիտ՝ ներդրումների ներգրավման և Դրեյփերի համալսարանում գործարար փորձառության ձեռքբերման նպատակով:

Նախարարը մատնանշել է թվայնացման և կիբերանվտանգության օրակարգերն ու ձևավորվող ռազմավարական մոտեցումները, կիբերանվտանգության կենտրոնի ստեղծման,  համակարգային և խորքային զարգացումների ուղղությամբ տարվող աշխատանքները, որոնք կարող են հիմք հանդիսանալ ներդրումների և հետագա փոխգործակցության համար:

Լին Թրեյսին բարձր է գնահատել հատկապես այն հանգամանքը, որ Հայաստանն իր բարձր տեխնոլոգիական առաջընթացն առավելապես կապում է գիտելիքի և կրթության հետ՝ մատնանշելով փորձագետների ներգրավման հնարավորությունների զարգացումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև կիբերանվտագության և նորագույն 5G ծածկույթի հետ պայմանավորված ռիսկերի գնահատման ու կառավարման գործընթացներին, ամերիկյան PayPal-ի, Youtube-ի և Google-ի՝ հայաստանյան շուկայում հանդես գալու հիմնախնդիրներին, ինչի ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում՝ հայաստանյան տնտեսվարողների համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով:

Կողմերը բարձր են գնահատել տեխնոլոգիական արդյունաբերության ուղղությամբ տարվող աշխատանքները և պայմանավորվածություններ ձեռք բերել փոխգործակցության հնարավոր ուղղությունների և ժամանակացույցի հետագա քննարկումների վերաբերյալ:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}