«Ժողովուրդ». Արդարադատության նախարարի տեղակալներից մեկի հաստիքը թափուր կմնա
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Առաջիկայում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներից մեկի հաստիքը թափուր կմնա: Բանն այն է, որ այժմ նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը դարձել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի մրցույթի հաղթող, և համապատասխան հրամանից հետո նա պետք է անցնի իր պարտականությունների կատարմանը, և այդ դեպքում փոխնախարարի հաստիքը կմնա թափուր, քանի որ պաշտոններն անհամատեղելի են:
ՀՀ արդարադատության նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մարտիրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց. «Այս պահին արդարադատության նախարարի տեղակալ տիկին Գալյանի անունը ընդգրկված է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածուների ցուցակում։ Նշված երկու պաշտոնները համատեղել հնարավոր չէ», – հայտնեց նա։
Այսպիսով, Արդարադատության նախարարությունում սեպտեմբերին մեկ հաստիք թափուր կլինի, քանի որ հանձնաժողովը կգործի հենց սեպտեմբերից:
Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մինչև մրցույթն արդեն իսկ «քաղաքական որոշումը» կայացված էր, և ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանն էլ պետք է զբաղեցներ այդ կարևորագույն պաշտոնը, քանի որ այդպես է ուզում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Նրա որոշումները, կարելի է ասել, համակարգում անբեկանելի են:
Այսինքն՝ արդարադատության նախարարն արդեն որոշել էր իր մարդուն «գործուղել» դատախազություն և անձամբ վերահսկել ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան