«Ժողովուրդ». Դատավորների ընդհանուր ժողովը կհայտնի ՍԴ անդամի իր թեկնածուի անունը
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Հուլիսի 31-ին հրավիրվել է Հայաստանի Հանրապետության դատավորների հերթական ժողով, որը կայանալու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում` հաշվի առնելով կորոնավիրուսային իրավիճակն ու արտակարգ դրությունը:
Նկատենք՝ Դատավորների ընդհանուր ժողովը պետք է տեղի ունենար դեռ 2020 թվականի մարտի 13-ին, սակայն կրկին, պայմանավորված կորոնավիրուսով, այն հետաձգվել էր և, փաստորեն, կանցկացվի հուլիսի 31-ին: Իսկ ի՞նչ հարցեր են ընդգրկված օրակարգում:
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ժողովի օրակարգում մի քանի ընտրություններ են տեղի ունենալու: Նախ կառույցին այդպես էլ մինչև այժմ չի հաջողվել Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրել, և այդ օրը նախատեսվում է թեկնածուներ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ Սուրեն Անտոնյանի, Արտակ Բարսեղյանի, Գոռ Հակոբյանի և Ստեփան Միքայելյանի միջև ընտրություն կատարել:
Բացի այդ, մեր տեղեկություններով՝ հենց այդ օրը Դատավորների ընդհանուր ժողովը կհայտնի Սահմանադրական դատարանի անդամի իր թեկնածուի անունը: Եվ մենք տեղեկացանք՝ արդեն հստակ է՝ թեկնածուն Վարչական դատարանի դատավոր Լիաննա Հակոբյանն է, ում համակարգում բնութագրում են որպես բանիմաց անձնավորության, որը նաև աշխատելու փորձ ունի հենց Սահմանադրական դատարանում:
Հավելենք, սակայն, որ Դատավորների ընդհանուր ժողովի օրակարգն այս պահին դեռ հաստատված չէ, և հարցերը քննարկման փուլում են»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան