Բուլղարիայի նախագահը կառավարությանը և գլխավոր դատախազին կոչ է արել հրաժարական տալ
Շաբաթ օրը Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը ուղերձ է հղել ժողովրդին, որում կոչ է արել կառավարությանը և երկրի գլխավոր դատախազին հրաժարական տալ:
«Նախորդ օրը նշանավորվեց կառավարության և գլխավոր դատախազի հրաժարականը պահանջող զանգվածային բողոքներով: Իր աջակիցների հանրահավաքը քաղաքացիական բողոքի վայրի անմիջական հարևանությամբ և նույն ժամին անցկացնելու իշխող կուսակցության որոշումն անընդունելի և նպատակադրված սադրանք էր քաղաքացիական համերաշխության դեմ, ինչը հանգեցրեց ցուցարարների և ոստիկանության բախումներին»,- Ռադևի խոսքը հրապարակել է ՏԱՍՍ-ը:
«Սոցիալական լարվածության համար պատասխանատվությունն իր վրայից գցելու վարչապետի փորձերը չեն կարող խաբել որևէ մեկին, ով ծանոթ է Բուլղարիայում տիրող իրավիճակի հետ: Կոռուպցիան, վախը, դատախազների ռեկետը և կողոպուտը, անմեղության կանխավարկածի անտեսումը, խոսքի ազատության վրա հարձակումը, ստերը և արդարության բացակայությունը, սրանք այն ամենն են, որոնց դեմ ապստամբել են բուլղարացիները: Զայրույթը խորն է, այն կուտակվել է տարիների ընթացքում և չի կարող ճնշվել վախի տարածմամբ և ուժով: Այս իրավիճակից միայն մեկ ելքը՝ կառավարության և գլխավոր դատախազի հրաժարականն է»,- շարունակել է նախագահը:
Ռադևը կոչ է արել ցուցարարներին չենթարկվել սադրանքներին, իսկ ոստիկանությանը՝ խուսափել բռնություններից և հետևել օրենքի տառին: «Ուժը ճշմարտության, չխոնարհվելու և միասնության մեջ է»,- շեշտել է նա:
Բուլղարիայի մայրաքաղաքում արդեն երրորդ օրն է շարունակվում են բողոքի ցույցերը, որոնց մասնակիցները պահանջում են կառավարության և հանրապետության գլխավոր դատախազի հրաժարականը: Ուրբաթ երեկոյան Սոֆիայում բողոքի ակցիայի մասնակիցները բախվել են ոստիկանության հետ, որի աշխատակիցներից երեքը վիրավորվել են, ձերբակալվել է 18 մարդ, որոնցից երկուսը վնասվածքներով հոսպիտալացվել է:
Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Իվայլո Իվանովն ասել է, որ բողոքողների մեջ կան սադրիչներ, որոնց պատճառով անկարգություններ են սկսվել:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան