Ինչո՞ւ Կառավարությունը ոչխար պահողի կողքին չէ
Մայիսի 15-ին գայլերի ոհմակը հոշոտեց Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանի Նորակերտ գյուղում բնակվող Մելքոնյանների ընտանիքին պատկանող 122 գլուխ գառներին ու ոչխարներին: Տան տիկնոջ՝ Հայկուշ Մելքոնյանի խոսքով, ունեին ընդհանուր 280 գլուխ ոչխար, 122-ը տեղում հոշոտվել են, 30-ն էլ վնասվել են ու ավելի ուշ սատկել:
«Առավոտ շուտ գոմի դուռը բացեցինք, ու ի՞նչ տեսանք՝ սաղ փռվուկ են, մի հատ միս պիտանի չի եղել, լրիվ չփացել էր: Ընենց էին գելերը խփել, որ ծանրած ոչխարների փորից գառերը թռել էին: Ես 67 տարեկան կին եմ, դեռ մեր գյուղում նման բան չէի տեսել, չէի էլ լսել ու եկավ իմ գլխին կատարվավ: Առավոտից իրիկուն գոմում ենք անցկացնում՝ ես, տղես, հարսս, ամբողջ ընտանիքով ու սենց եղավ… Սա մի գելի բան չէր, ոհմակ է եղել»,- Panorama.am-ին պատմեց Հայկուշ Մելքոնյանը:
Մեր դիտարկմանը, թե ավելի քան մեկ ու կես ամիս է անցել, արդյոք պատկան մարմիններից որևէ արձագանք եղե՞լ է, փոխհատուցման մասին խոսք կա, թե՞ ոչ, Մելքոնյանն ասաց.
«Զանգել ենք, եկել են մարզպետարանից, Սննդի անվտանգությունից և այլն, եկան նկարին գնացին, բայց մինչև այսօր ոչ մի արձագանք չկա: Ընտրություններին մի ձայնի համար տասը հոգի մարդ ա գալիս, հիմա երբ գյուղացուն պետք է, մարդ չկա: Փաշինյանն ասում է՝ գնացեք ոչխար պահեք, էհ պահում ենք, հիմա ինչի կառավարությունը ոչխար պահողի կողքին չի»,- ասաց տիկին Հայկուշը:
Գյուղապետարանն էլ վնասը հաշվել է, ըստ այդ հաշվարկի՝ 6-7 մլն դրամ է կազմել:
«Գյուղապետն է տեղում հաշվել, 6-7 մլն դրամի վնաս ենք կրել, եթե մինչև աշուն պահեինք, կդառնար 10 մլն: Դա էր մեր եկամուտը: Մենք այդ կենդանիներին վարկով էինք առել: Հիմա մտածում ենք ոնց ենք փակելու վարկերը: 24 տոկոսով վարկ ենք վերցրել, որ ապրուստ ստեղծենք, էն էլ գելերը մեզնից շուտ տիրացան մեր ապրուստին»,- ասաց գյուղացին:
Ուղիղ մեկ ու կես ամիս անց «անցանկալի հյուրերն» այցելել են Հայկուշ Մելքոնյանի ամուսնու եղբոր՝ Արարատ Մելքոնյանի անասնագոմը: Այս անգամ գայլերն անողոք են գտնվել և հոշոտել են վերջինիս ամբողջ կարողությունը՝ 12 գառ:
«Չեն թողնում զենք օգտագործենք, որ գյուղում գայլերի մուտքը կանխենք: Արգելեցին, դե հիմա թող գան պատասխան տան: Այսօր ութը շունչ ենք, ես ինչո՞վ ապահովեմ իմ երեխեքին: Մի երինջ ունենք մնացած , ո՞նց ապրենք: Գոնե մի մասը փոխհատուցեին»,- ասաց Արարատ Մելքոնյանը:
Ի տարբերություն Արարատ Մելքոնյանի եղբոր ընտանիքի, իր դեպքում ոչ մի պաշտոնյա չի եկել և չի արձանագրել կատարվածը, քար լռություն է:
«Տերովին տերն է տարել, անտերին գելն, աղջիկ ջան»,- եզրափակեցին հուսահատ գյուղացիները:
Գայլերի թվի նման շատացումն է պատճառը, որ հարձակվում են բնակավայրերի վրա ու հոշոտում անասուններին։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Նորակերտ համայնքի ղեկավար Գերասիմ Սարգսյանը։
«Գյուղապետարանի հանձնաժողովի կողմից կազմվել է ակտ, ուղարկվել է մարզպետարան, իսկ մարզպետարանից էլ ուղարկել են Կառավարություն: Դեռ ոչ մի պատասխան չենք ստացել կառավարության կողմից, թե ինչպիսի օգնություն պետք է տրվի տուժած գյուղացիներին՝ որպես վնասի փոխհատուցում»,- նշեց գյուղապետը։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան