Հույս ունեմ՝ Ազգային անվտանգության ռազմավարությունը մշակողներն անտեղյակ են եղել. Տեր Եսայի
«Եթե նկատի ունենանք, որ Հայ ավետարանական եկեղեցին հաստատվել է Պոլսում, թուրքական իշխանության կամքով և եթե դրանից հետո այն ազգային արժեք է՝ խնդրեմ: Ինձ համար այն երբեք ազգային արժեք չէ»,- մեկնաբանելով Ազգային անվտանգության ռազմավարության մեջ սահմանված ազգային արժեքների շարքում Հայ ավետարանական եկեղեցու ընդգրկումը՝ Panorama.am-ին հայտնեց Տեր Եսայի քահանա Արթենյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Անվտանգության խորհրդի նիստում, որի ժամանակ քննարկվել էր Ազգային անվտանգության ռազմավարությանը հավանություն տալու հարցը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել ուղերձով: Ուղերձում, ի թիվս հիմնավորումների և պատմական ակնարկի, վարչապետը թվարկել էր նաև սահմանված ազգային արժեքները:
« Հայ ժողովրդի ազգային արժեքներն են՝
- Հայոց պետականությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը:
- Հայ ժողովրդի պատմությունը, բանահյուսությունը. էպոսը, հավատալիքները, լեգենդները, առասպելները:
- Հայոց լեզուն եւ գրերը, հայ գրականությունը, ներառյալ թարգմանական գրականությունը, գիտելիքը, գիտությունը:
- Համահայկական ներուժը, հայկական սփյուռքը:
- Հայրենիքը, ընտանիքը, անհատը:
- Հայ առաքելական սուրբ եկեղեցին, Հայ կաթողիկե եկեղեցին, Հայ ավետարանական եկեղեցին. քրիստոնեությունը…»,- ներկայացվել էր ուղերձում:
Մեկնաբանելով ազգային արժեքների դասակարգումը՝ Տեր Եսայի քահանա Արթենյանը նկատեց. «Տպավորությունն այն է, որ մեր պատմությունը, գրականությունը, մշակույթը և այլը կտրված են հայ եկեղեցուց որպես այդպիսին»:
Առաքելական եկեղեցու ներկայացուցիչը հույս հայտնեց, որ դա արվել է անտեղյակությունից, իսկ թե ինչ սկզբունքով է Հայ առաքելական եկեղեցին արժեքների համակարգում տեղ գտել 6-րդ հորիզոնականում՝ Հայ ավետարանական եկեղեցու հետ միասին, ըստ Տեր Եսայիի, այդ հարցը կարող են մեկնաբանել միայն ռազմավարությունը ձևակերպողները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան