Տնտեսական ակտիվության ցուցանիշն անկում է ապրել 16.7%-ով. Տիգրան Ավինյան
«Եթե համեմատություն անցկացնենք 2019-ի ապրիլի հետ, ապա 2020-ի ապրիլի տնտեսական ակտիվության ցուցանիշն անկում է ապրել 16.7%-ով, մայիսի նկատմամբ ունեցել ենք անկում 12.8%-ի»,-ներկայացնելով արտակարգ դրության երկարացման նախագիծը՝ Ազգային ժողավում հայտնեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և հույս հայտնեց, որ հունիսի տվյալներն այդքան վատ չեն լինի:
Նկատելով, որ նոր սահմանափակումների քննարկման ժամանակ իրականացվում է տնտեսական հնարավոր ազդեցության գնահատում՝ հանրապետության պարետը նկատեց, որ պարետային ժամի ներդրման հնարավորությունը քննարկելիս գնահատվել էր, որ տնտեսությունը կտուժի ՀՆԱ-ի 0.8%-ի չափով:
«Եվ կանոնների պահպանմամբ կյանքի վարումը շատ ավելի նվազ ծավալների տնտեսական բացասական հետևանքների է բերում»,- հավաստիացրեց Տիգրան Ավինյանը:
Փոխվարչապետը նկատելով, որ Հայաստանի տնտեսությունը կապված է գլոբալ տնտեսության հետ՝ շեշտեց, որ այնտեղ կտրուկ անկումներ են տեղի ունենում: