Արտակարգ դրությունը երկարաձգվեց չորրոդ անգամ
Կառավարությունն այսօրավ արտահերթ նիստում որոշում ընդունեց ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության ժամկետը, որը լրանում էր այսօր, երկարաձգել ևս մեկ ամսով՝ մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Կառավարության որոշման նախագիծը ներկայացնելիս տեղեկացրեց, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը վկայում է՝ արտակարգ դրություն հայտարարելու հիմքերը դեռևս շարունակում են պահպանվել:
«Այսպիսով նախատեսվում է երկարաձգել արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի հուլիսի 13-ից ժամը 17:00-ից 30 օրով՝ մինչեւ օգոստոսի 12-ը ժամը 17:00-ն ներառյալ։ Սա արդեն 4-րդ երկարաձգումն է», - հայտնեց Ռուստամ Բադասյանը։
Նրա խոսքով, նախագծում հստակեցվել է ինքնամեկուսացման հրահանգ տալու ձևը, սահմանվել է, որ այն տրվում է բանավոր, հասցեատիրոջ պահանջով ենթակա է նաև գրավոր ձևակերպման:
«Բացառություն է նախատեսվել ինքնամեկուսացման կարգի խախտման դեպքում, երբ անձը ցուցումներին համապատասխան այցելում է բուժհաստատություններ՝ ախտորոշիչ հետազոտություններ կազմակերպելու նպատակով»,- նկատեց Բադասյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր կողմից հավելեց, որ արտակարգ դրության ռեժիմից բացի, օրենսդրությունում այլ արդյունավետ գործիքակազմ չկա և եթե չերկարացնեն, ապա հակահամաճարակային միջոցառումների համակարգը դե յուրե իրենց ուժը կորցրած կլինի:
Նկատելով, որ արտակարգ դրությունը անվերջ երկարացնել հնարավոր չէ՝ վարչապետը հայտնեց, որ դեռ նախորդ ամսից կառավարությունը որոշում ուներ օրենսդրական փաթեթ մշակել, որը հնարավորություն կտա այդ գործիքակազմը կիրառել ոչ թե արտակարգ դրության, այլ արտակարգ իրավիճակի ռեժիմով:
Կառավարության որոշումից հետո այսօր այն կներկայացվի ԱԺ հատուկ նիստում: