Ադրբեջանը կրելու է տարածաշրջանային ապակայունացման անկախատեսելի հետևանքների ողջ պատասխանատվությունը. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա կառավարության արտահերթ նիստում hայտնեց, որ երեկ Ադրբեջանի զինված ուժերը սադրիչ գործողություններ են կատարել՝ գրոհելով Տավուշի ուղղությամբ մեր սահմանային դիքերը:
Վարչապետը նշեց, որ այսօր առավորտյան դրանք վերսկսվել են և խստագույնս դատապարտելի համարեց այն:
«Ադրբեջանի ռազմաքաղաաքական ղեկավարությունը կրելու է տարածաշրջանային ապակայունացման անկախատեսելի հետևանքների ողջ պատասխանատվությունը»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և մտահոգիչ համարեց տարածաշրջանային անկայունյություն հրահրելու Թուրքիայի գործելակերպը, որը արտացոլված է այդ երկրի արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարության մեջ, որտեղ վերջինս անվերապահ աջակցություն է հայտնում Ադրբեջանի գործողություններին՝ ակնհայտ և արդեն ավանդական դարձած հակահայկական տրամաբանությամբ:
Վարչապետի խոսքով, կատարվածը ներքին խնդիրները սահմանային լարվածությամբ երկրոդ պլան մղելու Ադրբեջանի ռազմաքաղաքական գործելաոճն է, որի համատեքստում աչքի է զարնում ակնհայտ քամահրական վերաբերմունքը մարդկային կյանքերի, այդ թվում ադրբեջանցի զինվորների կյանքերի նկատմամբ, որոն արտահայտվում է նրանց անհեռանկար գործողությունների ուղարկելով:
Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ Ադրբեջանն այդպես էլ չմիացավ համավարակի ժամանակ գլոբալ հրադադար հայտարարելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին:
Ըստ վարչապետի, որքան սրվում է Ադրբեջանի սոցիալ տնտեսական վիճակն, այնքան սրվում է ռազմաքաղաքական ղեկավարության հակահայկական և ռազմատենչ հռետորաբանությունը։
«Ադրբեջանի ղեկավարությունը փոխանակ իր ժողովրդին կոչ անի հակահամաճարակային կանոնները պահպանել, հանդես է գալիս ռազմատենչ կոչերով, կարծես թե հակահայկականությունը կորոնավիրուսի դեմ պայքարի լավագույն միջոցն է»,- շեշտեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ որևէ սադրիչ գործողություն անպատասխան չի մնա և կոչ արեց հայրենակիցներին իրենց անվերապահ աջակցությունն հայտնել մեր զինված ուժերին, որոնք ամուր կանգնած են հայրենիքի պաշտպանության դիրքերում. «Նրանք պետք է ունենան ամուր թիկունք և մեզնից յուրաքաչյուրը այդ թիկունքի մի մասնիկն է»:
Հասարակությանը կոչ անելով վստահել բացառապես պաշտոնական աղբյուրներին՝ վարչապետը շեշտեց. «Այս շրջանում մեր հասարակության տեղեկատվական դիմակայությունը, հայոց բանակի հաղթանակների կարևորագույն գրավականներից է»