24 ժամով կասեցվել է երեք տասնյակից ավելի տնտեսավարողների գործունեություն. ԱԱՏՄ
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները պարետատան որոշումները շրջանցելու փաստեր արձանագրած ընկերություններում այսօր իրականացրել են գործունեության ժամանակավոր կասեցման աշխատանքներ: Մասնավորապես, 24 ժամով կասեցվել է «Սպայկա» ՍՊԸ գրասենյակի, կորոնավիրուսի ռապիդ թեստերի առցանց վաճառքով զբաղվող «Դեուս Էքս» ընկերության, Էջմիածնի ՋՕԸ-ի, Չարենցավանի գործիքաշինական գործարանի և երեք տասնյակից ավելի տնտեսավարողների գործունեությունն ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում։ Ընդ որում՝ վերջին օրերին մարզային կասեցումները գերակշռում են։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը:
Միաժամանակ, այսօր շարունակվել են ստուգայցերը․ դրանք այսօր ուժեղացված ռեժիմով ընթացել են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:
ԱԱՏՄ մասնագետները փաստում են՝ հակահամաճարակային կանոնների խախտումները թեև ոչ նախկին ծավալներով, սակայն շարունակում են արձանագրվել։ Որոշ տնտեսավարողների մոտ խախտումներ և թերացումներ հայտնաբերվել են նաեւ այսօր: ԱԱՏՄ աշխատակիցները տնտեսավարողների ուշադրությունը հրավիրել են կարևոր մի քանի հանգամանքի վրա՝ ախտահանման գործընթացում օգտագործել 60-80 տոկոսանոց սպիրտային ախտահանիչ լուծույթ, ճիշտ կրել դիմակը, սահմանված կարգով ջերմաչափել աշխատակիցներին և ճշգրիտ լրացնել ջերմաչափման եւ ախտահանման գրանցամատյանները:
ԱԱՏՄ-ն հիշեցնում է՝ պարետի որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։ Տնտեսավարողի գործունեությունը, սակայն, կասեցված է համարվում տեղեկացման պահից։