Գարեգին Երկրորդ. Թուրքիայի կառավարության գործողությունը ծանր հուշեր է արթնացնում
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձել է Սուրբ Սոֆիայի տաճար-թանգարանը մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշմանը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ցավով արձանագրեցինք տակավին մի քանի օր առաջ՝ հուլիսի 10-ին, Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Օրթոդոքս Եկեղեցիների և քրիստոնեական աշխարհի համար կարևոր նշանակություն ունեցող Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանից մզկիթի վերածելու որոշումը։ Հակառակ համաքրիստոնեական տարբեր կազմակերպությունների, եկեղեցապետերի ու քաղաքական առաջնորդների կոչերին՝ թուրքական կառավարությունն ընդունեց միակողմանի ու դատապարտելի որոշում՝ դրանով իսկ խախտելով Թուրքիայում ազգային կրոնական փոքրամասնությունների իրավունքները։ Ցավով ենք նշում, որ միլիոնավոր քրիստոնյաների կոչերն ու անհանգստություններն անտեսվեցին, հաշվի չառնվեց նույնիսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Սուրբ Սոֆիայի տաճարը համաշխարհային մշակութային գանձարանում ներառնված լինելու փաստը։
Թուրքիայի կառավարության գործողությունը ծանր հուշեր է արթնացնում դարեր շարունակ Օսմանյան իշխանությունների կողմից հայ ժողովրդի, ինչպես նաև այլ քրիստոնյա ազգերի սրբատեղիների պղծման ու կործանման վերաբերյալ։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ու հայ ժողովուրդը, որպես Օսմանյան Թուրքիայում Ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, կիսում է օրթոդոքս եղբայրների և քույրերի ցավն ու անհանգստությունը։ Հայոց Եկեղեցին դատապարտում է քաղաքական շահերից ելնող՝ կրոնների փոխըմբռնման ու երկխոսության գործընթացին մեծապես վնասող Թուրքիայի կառավարության որոշումը՝ միաժամանակ կոչ անելով վերանայել այն ու վերադառնալ Թուրքիայում տարբեր կրոնական համայնքների խաղաղ աղոթական համակեցության սկզբունքին։ Պատմության վայրիվերումների ու քաղաքական փոփոխությունների ընթացքում Սուրբ Սոֆիայի տաճարը պատմական և մշակութային արժեքից զատ ձեռք է բերել նաև տարբեր՝ կրոնական, մշակութային և քաղաքական նշանակություն՝ դառնալով ոչ թե քաղաքակրթությունների բախման, այլ համագործակցության և մարդկության միասնության խորհրդանիշ:
Միակողմանի այդ որոշման պատճառով ստեղծված դժվարին այս իրավիճակում աղոթքով զորակից ենք Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարք, մեր սիրեցյալ եղբայր Նորին Սրբություն Բարդուղիմեոս պատրիարքին և Օրթոդոքս Եկեղեցու մեր քույրերին ու եղբայրներին»,- նշված է Գարեգին Երկրորդի հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանի ԱԳՆ․ Սուրբ Սոֆիայի վերաբերյալ որոշումը Թուրքիայի ներքին գործն է
- Սուրբ Սոֆիայի տաճարում նամազի ժամանակ որմնանկարները կծածկեն
- Հունաստանն առաջարկում է բոյկոտել թուրքական ապրանքները՝ Սուրբ Սոֆիայի վերաբերյալ որոշման պատճառով
- Փարիզը ափսոսում է Սուրբ Սոֆիայի կարգավիճակի փոփոխության համար
- Հունաստանը Սուրբ Սոֆիայի պատճառով կոչ է արել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել
- Գարո Փայլան. Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու որոշումը կբարդացնի Թուրքիայում ապրող քրիստոնյաների կյանքը
- ՅՈՒՆԵՍԿՕ-ն մեկնաբանել է Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու որոշումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան