
Իրանի ԱԳՆ. Մեր դիրքորոշումը Ղարաբաղի հարցում չի փոխվել
Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին ընդգծել է, որ «Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը ղարաբաղյան տարածաշրջանի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև չի փոխվել»: Այս մասին գրում է Irna գործակալությունը։
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե փոխվել է Իրանի դիրքորոշումը ղարաբաղյան տարածաշրջանի վերաբերյալ, Մուսավին ասել է. «Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև Ղարաբաղի վիճելի տարածաշրջանի վերաբերյալ մեր դիրքորոշումը չի փոխվել»:
Կարևորելով երկրների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը և վեճերի խաղաղ կարգավորման մեթոդների կիրառումը՝ նա ավելացրել է. «Մենք կարծում ենք, որ այս երկու հարևան երկրները պետք է լուծեն իրենց վեճերը խաղաղ ճանապարհով, և Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ պատրաստ է օգնել այս հակամարտության կարգավորմանը»: