Իրատես. Այս մարդն ընդհանրապես ադեկվա՞տ է
«Իրատես» թերթը գրում է. «Միայն պատկերացրեք. պաշտպանության նախարարը ներկայացնում է թշնամու սանձազերծած գործողությունների քրոնիկան, իսկ ավարտին ի պաշտոնե գերագույն գլխավոր հրամանատարը համարյա ասում է, թե` ի՞նչ եք խառնվել իրար, կարո՞ղ է ադրբեջանցի զինվորները շփոթվել են, պատահաբար ՈՒԱԶ մեքենայով եկել են ու չեն իմացել` մեքենայո՞վ նորից հետ գնալ, թե՞ «ոտք-ոտք» տուն հասնեն։ Երբ Դավիթ Տոնոյանը կառավարության նիստին ներկայացնում է սահմանային լարվածությունը, իսկ Նիկոլ Փաշինյանը ոչ ավելի, ոչ պակաս ասում է, թե պատմածից տպավորություն ունի, թե թշնամին մոլորվել է, ուզում ես հասկանալ` այս մարդն ընդհանրապես ադեկվա՞տ է։ Եթե երբևէ վառոդի հոտ չես շնչել, չգիտես՝ ինչ է ռազմական գործողությունը, զրո գիտելիք ունես ռազմագիտությունից, անգամ լուսնից նոր ես իջել, չես կարող այդ ամենը դիտարկել պատահականության դաշտում, որովհետև ամենից առաջ հասկանում ես, թե ինչ նենգ թշնամի է դիմացդ կանգնած։
Բայց հենց այդ «եզրակացությունում» է թաքնված «շան գլուխը», ինչու՞ է Փաշինյանը խնայում, արդարացնում (ավելի սուր բնորոշում չտանք) թշնամու գործողությունը։ Ինչու՞, ի՞նչ է դրա տակ թաքնված։ Աշխարհաքաղաքական ի՞նչ «խաղեր» են ծրագրվում, ի՞նչ շահեր են Հայաստանում առաջ մղվում։ Սրանք հարցեր են, որոնք թելադրված են օրվա իշխանության պահվածքից, հայտարարություններից։ Այսուհանդերձ, անկախ այն հանգամանքից, թե ով ինչ է ծրագրում մեր երկրի դեմ, զինվորն ու հրամանատարն այդ ամենը խեղդում են բարուրում, դառնում միակ ու անառարկելի երաշխիքը մեր սահմաններն անառիկ պահելու հարցում։
Վերջում միայն մի դիտարկում. Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստին կրում էր եռագույն փողկապ։ Ինչքան էլ եռագույն գուլպա ու փողկապ կրես, կոստյում հագնես, միևնույն է, մեջդ հայրենիք չկա եթե, հայրենասիրությունը արտաքին շղարշ է միայն, հագուկապի ատրիբուտ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: