Հրապարակ. Յուքոմի փոշիացման գործընթացը շարունակվում է. Վերջնանպատակը Յուքոմի և Բիլայնի միավորումն է
«Հրապարակ» թերթը գրում է. «Յուքոմի և նրա «շուրջ» բավականին հետաքրքիր պրոցես է ընթանում. հայաստանյան ինտերնետ կապի ամենակայացած ոլորտի փոշիացման գործընթացը թևակոխել է նոր փուլ։
Հիշեցնենք. Յուքոմի սեփականատեր Խաչատրյանները հրաժարվեցին ենթարկվել իշխանություններին և Յուքոմի 6 տոկոս մասնաբաժնի սեփականատեր Եսայան եղբայրներին չցանկացան վաճառել Յուքոմը։ Խաչատրյանները չհամաձայնեցին նաև վճարել իշխանությունների պահանջած գումարը, և հայր ու որդի ենթարկվեցին քրեական հետապնդման։ Եսայանները ստեղծեցին նոր` «Թիմ» ՍՊԸ-ն, որն այժմ գնում է Բիլայնը՝ «Վեոնը»: Մեր տեղեկություններով, գործարքը կնքվում է իշխանությունների հովանու տակ։ Իսկ փոխվարչապետ-պարետ Տիգրան Ավինյանը և Եսայան եղբայրներից Ալեքսանդրն ընկերներ են։ Պարետատան բավականին թանկ տեղորոշիչ համակարգը, որը տեխնիկական լուրջ հագեցվածություն է պահանջում, վերջինիս հետ փոխկապակցված «Այյունեթվորքս» ՍՊԸ-ն է նվիրել։
Պարետը հարցնողներին ասում էր` մասնավոր ընկերություն է և չի ցանկանում, որ անունը նշվի: ՏՏ ոլորտի անցուդարձից լավատեղյակ Դավիթ Խաժակյանին հարցրինք՝ այս լուրերը համապատասխանո՞ւմ են իրականությանը։ «Թերևս՝ այո, որովհետև ուրբաթ օրը Տիգրան Ավինյանի մյուս մտերիմ, նորանշանակ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը և հանձնաժողովը համաձայնություն տվեցին Եսայաններին պատկանող «Թիմ» ՍՊԸ-ի կողմից «Բիլայն» ապրանքանիշի ձեռքբերմանը: Այդ գործարքը խնդրահարույց է 2 պատճառով. նախ` դատելով հնարավոր գործարքի արժեքից՝ ակնհայտ է դառնում, որ այն բանկը, որը տրամադրել է վարկային միջոցները «Թիմ»-ին, գերազանցել է ԿԲ-ի կողմից սահմանված նորմատիվները, ինչն առանց ԿԲ-ի և կառավարության միջամտության անհնարին կլիներ, և ԿԲ-ն առնվազն պետք է պարզաբանումներ ներկայացնի, թե ինչու է դա տեղի ունեցել։ Երկրորդ հանգամանքն էլ այն է, որ Եսայանները շարունակում են մնալ Յուքոմի 6 տոկոսի տերը»: Եվ ի՞նչ։ «Մրցակցային տեսանկյունից սա կարող է բերել կենտրոնացման` հատկապես որ չեն դադարում խոսակցություները, թե վերջնանպատակը Յուքոմի և Բիլայնի միավորումն է` Եսայանների գլխավորությամբ»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: