Այսօր կայանալու է 21-րդ դարի ֆրանսիական երաժշտության համերգ՝ նվիրված Ֆրանսիայի ազգային տոնին
Այսօր կկայանա հանրահռչակ դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի մենահամերգը՝ նվիրված Ֆրանսիայի ազգային տոնին:
Այս մենահամերգով սկիզբ է դրվում 2000+ համերգաշարին, որի նպատակն է պրոպագանդել 21-րդ դարի համաշխարհային դաշնամուրային երաժշտությունը և ներկայացնել մեր օրերի կոմպոզիտորներին հայաստանյան հանդիսատեսին:
Կազմակերպիչների փոխանցմամբ, համերգը հեռարձակվելու է առցանց ձևաչափով՝ Կոմիտաս թանգարան-ինստիտուտից, Երևանի ժամանակով ժ.21:00: Համերգի ընթացքում հնչելու են ֆրանսիացի վեց ժամանակակիցների ստեղծագործություններ, որոնք բոլորն էլ լինելու են հայաստանյան պրեմիերաներ. Պիեռ Բուլեզ, Բրունո Մանտովանի, Պասկալ Դյուսապեն, Ժակ Լընո, Միշել Կարսկի, Քրիստոֆ Բերտրան:
«Պետք է խոստովանեմ, որ, անկասկած, կարոտել եմ իմ սիրելի հանդիսատեսին, կենդանի համերգներին, բայց ժամանակն ընթանում է, և մենք պարտավոր ենք շարժվել՝ ապրելով ու ստեղծագործելով դրան զուգընթաց, այս պարագայում համակերպվելով առցանց համերգների ձևաչափին: Արդեն հասցրել եմ ունենալ մի քանի վիրտուալ համերգներ՝ առանց հանդիսատեսի և ուրախ եմ, կրկին անգամ հանդես գալ այս անգամ արդեն 2000+ խորագիրը կրող նոր նախագծով, որը, հուսանք, շարունակական կլինի և կներկայացնի տարբեր ազգերի 21-րդ դարի երաժշտությունը»,- ասում է Հայկ Մելիքյանը:
Դաշնակահարի մենեջեր Ալեքսանդր Պլատո Հակոբյանի հետ զրույցում նա մասնավորապես նշել է. «Ուրախ ենք կրկին անգամ համագործակցել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հետ և շնորհակալ ենք պարոն դեսպան Ջոնաթան Լաքոթին՝ 2000+ նորահայտ նախաձեռնության հանդեպ նրբանկատ վերաբերմունքի համար և, իհարկե, մեծ պատիվ է համերգի հեռարձակումը իրագործել հենց մեր բարեկամ Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ»։
Հայկ Մելիքյանի առցանց ձևաչափով համերգները շարունակվում են՝ առաջիկայում ներկայացնելով Գուրջիև-Հարթմանի երաժշտությունը Գյումրիի Սերգեյ Մերկուրովի թանգարանից, ինչպես նաև Armenian National Music-ի կողմից կազմակերպվող երկու համերգ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին