
ԱՄՆ պետքարտուղարություն․Խստորեն դատապարտում ենք հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով բռնությունները
ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Մորգան Օրտագուսը հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին վերջին բախումների վերաբերյալ։
«ԱՄՆ-ն խստորեն դատապարտում է հայ-ադրբեջանական միջազգային սահմանի երկայնքով բռնությունները: Մենք կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը, օգտագործել իրենց միջև առկա ուղիղ կապը`հետագա էսկալացիայից խուսափելու համար և խստորեն պահպանել հրադադարը:
Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Միացյալ Նահանգները շարունակում է խստորեն աջակցել կողմերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական, խաղաղ կարգավորմանը հասնելու համար: Մենք կմնանք ակտիվորեն ներգրավված՝ այդ նպատակին հասնելու ջանքերում»,-ասվում է հայտարարության մեջ:
Միացյալ Նահանգները միանում է Մինսկի խմբի համանախագահներին՝ կոչ անելով հնարավորինս շուտ վերսկսել բովանդակային բանակցություններն ու շեշտում ԵԱՀԿ դիտորդների տարածաշրջան վերադառնալու կարևորությունը՝ հնարավորինս շուտ, երբ թույլ կտան հանգամանքները։