Պաշտպանները միջնորդեցին լրացնել դատակոչի ցուցակը և դատարան հրավիրել մի շարք նախկին պաշտոնյաների
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդեց սույն քրեական գործով դատական նիստին կանչման ենթակա անձանց ցուցակում ընդգրկել մի քանի անձ։
Մասնավորապես, պաշտպանը միջնորդել է դատարան հրավիրել 2008 թ․ մարտի 8-ի դրությամբ ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Գագիկ Հարությունյանին, դատավորներ Հրանտ Նազարյանին, Վլադիմիր Հովհաննիսյանին, Ֆելիքս Թոխյանին և Կիմ Բալայանին, ովքեր մասնակցել են ՀՀ նախագահի թեկնածուներ Լևոն Տեր-Պետրոսյանի ու Տիգրան Կարապետյանի դիմումների հիման վրա ԿԸՀ 2008 թ․ փետրվարի 24-ին ՀՀ նախագահ ընտրվելու մասին որոշումը վիճարկելու վերաբերյալ գործի քննությանը և կարող են գործի համար կարևոր նշանակության տեղեկություններ հայտնել այդ գործի քննության հետ կապված ՍԴ դատավորների նկատմամբ ճնշում գործադրելու մասին։ Հրանտ Նազարյանը նաև զեկուցող էր․
Սամվել Մայրապետյանին, ով կարող է կարևոր տեղեկություն տրամադրել Ռոբերտ Քոչարյանին՝ կաշառք ստանալու մասով առաջադրված մեղադրանքի վերաբերյալ․
Միքայել Հարությունյանին, ով ստորագրել է Քոչարյանին առաջադրված մեղադրանքում հանգուցային նշանակություն ունեցող թիվ 0038 հրամանը։
Վերոնշյալ անձանց առաջարկվում է դատարան հրավիրել և հարցաքննել վկայի կարգավիճակով, որովհետև նրանց ցուցմունքները կարող են նշանակություն ունենալ գործի համար։
Իր հերթին Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը միջնորդեց որպես վկա հարցաքննության հրավիրել դատարան հրավիրել ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին և նախկին պատգամավորներ Դավիթ Հարությունյանին, Արմեն Ռուստամյանին, Ավետ Ադոնցին, Արծրունի Աղաջանյանին, պարզելու համար՝ 300․1 հոդվածի փոփոխություններն արդյո՞ք կապված էին հենց 300 հոդվածի իրավական որոշակիություն չունենալու հետ։
Աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված այսօրվա դատական նիստը հետաձգվեց․ հաջորդը տեղի կունենա հուլիսի 21-ին, ժամը 13։00-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան