Մենք ճիշտ ուղղությամբ չենք գնում առհասարակ.Արկադի Խաչատրյան
«Պրոֆիլը պահենք-չպահենք, շենքը կենտրոնում է, այստեղ լավ հյուրանոց կլինի, թե չի լինի… Մենք իրավունք չունենք այդ տեսանկյունից նայելու, սա առողջապահական զարգացման ռազմավարության այլընտրանքների դիտարկման համատեքստում պետք է նայենք»,- ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժաղովում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը քննարկելիս:
Օրենքի նախագծով առաջարկվում է մասնավորեցման ենթակա առողջապահական ընկերությունների հիմնական ուղղության պահպանման պահանջը սահմանելու ընթացքում, բացառել ոչ հիմնավորված, վերացական որոշումների ընդունումը:
Ներկայացված լուծումներով առաջարկվում է մասնավորեցման ենթակա հիվանդանոցների հիմնական ուղղության պահպանման և դրա ժամկետների սահմանման լիազորությունները վերապահել կառավարությանը, որը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, ելնելով առկա վիճակից, առողջապահության ոլորտում տարվող քաղաքականությունից, ինչպես նաև ընկերությունների համար ազատ գործունեություն ծավալելու համար նաև պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունից, սահմանում է հիմնական ուղղության պահպանման նպատակահարմարությունը և ժամկետները:
«Այս նախագիծը բերել պետգույքի համակարգ և քննարկել այդ համատեքստում, ես կարծում եմ՝ մենք ճիշտ ուղղությամբ չենք գնում առհասարակ»,- հայտարարեց Արկադի Խաչատրյանը:
Պատգամավորը գտնում է, որ հարցը վերաբերում է, ոչ թե պետական գույքի կառավարման արդյունավետության խնդրին, այլ առաջնահերթ է առողջապահական կոնկրետ ուղղությունների զարգացման ռազմավարությունը և այն պետք է դիտարկել առողջապահական ռազամավարության զարգացման համատեքստում, որտեղ խոսքը գնում է առանձին առողջապահական ուղղությունների զարգացման նպատակով մասնավոր ներդրումների ներգրավման մասին:
Պատգամավորի խոսքով մասնավորեցման պահանջ կարող է լինել այն դեպքում, երբ պետությունը ի վիճակի չէ անհրաժեշտ ծավալով ներդրումներ ապահովել և մասնավոր ներդրումների ներգրավման անհրաժեշտություն կա: Վերջինս գտնում է, որ հանձնաժողովի նիստին պետք է հրավիրված լիներ առաղջապահության նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան