Գրավադրման գումարը կարող է ծախսվել ընկերության տնօրենի աշխատավարձը վճարելու վրա.Մերի Գալստյան
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտնեց, որ ընդերքօգտագործման ոլորտի կառավավարման ռազմավարության առումով մտածելու կարիք կա՝ արդյո՞ք ընդերօգտագործման իրավունքը կարելի է գրավ դնել:
Պատգամավորը «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը զեկուցող ՏԿԵ նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանից նաև հետաքրքրվեց, թե կառավարությունը քննարկե՞լ է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի առաջարկը, ըստ որի՝ պետությունը չպետք է միջամտի ընդերքօգտագործման իրավունքի գրավադրման գործընթացին:
«Մենք կողմ ենք, որ միանշանակ պետք է տրվի այդ հնարավորությունը, որովհետև այն բավականին ծախսատար և ժամանակատար ոլորտ է»,- պատասխանեց փոխնախարարը և հավելեց, որ ընդերքօգտագործման իրավունքի գրավադրումն ընդունված պրակտիկա է ամբողջ աշխարհում:
Լիլիա Շուշանյանի խոսքով, գրավի միջոցները պետք է ծառայեն իրենց նպատակին, այդ պատճառով էլ նախագծում սահմանված կարգավորումներով պետությանը վերահսկման լծակներ են տրված:
«Տնտեսվարողը պետք է բերի և ցույց տա, որ այդ բոլոր միջոցները օգտագործվում են հանքի շահագործման համար»,- հայտնեց փոխնախարարը:
Մերի Գալստյանն էլ նկատեց, որ գրավադրման գումարը կարող է ծախսվել ընկերության տնօրենի, կամ տնօրենների խորհրդի աշխատավարձերի վճարման համար:
Փոխնախարարը չբացառեց, որ այդ միջոցները կարող են ուղղվել նաև այլ վարկերի մարման համար՝ բայց կրկին հանքի շահագործման շրջանակներում:
Վերջինս տեղեկացրեց, որ եթե ընկերությունը չի կատարում բանկի առաջ ստանձնած պարտավորությունը, ապա բանկը շահագործման իրավունքը դնում է աճուրդի, որի մասնակիցները համաձայնեցվում են լիազոր մարմնի հետ: Գնորդ չլինելու դեպքում բանկն է իրականացնելու շահագործումը: