Եղեգնուտցիները թույլ չեն տվել ոստիկաններին մտնել համայնքապետարան
«Այս գիշեր ժամը երեքից 150-ից ավելի ոստիկաններ մտել են Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնք, փակել գլխավոր ճանապարհը, շրջապատել համայնքապետարանը։ Նրանք ուզում էին մտնել համայնքապետարանի շենք, իրենց հետ հանձնաժողով մտներ, որպեսզի նախկին գյուղապետին կրկին նշանակեին այդ պաշտոնում» ,-այս մասին Panorama.am-ին պատմեց Եղեգնուտի բնակիչ Սմբատ Մկրտչյանը։
Նա նշեց, որ ժամը հինգին, երբ մարդիկ սկսել են արթնանալ, տեսել են ու սկսել հավաքվել համայնքապետարանի մոտ։
«Բնակիչները թույլ չտվեցին, որ ոստիկանները ներս մտնեն, նույնիսկ քաշքշոց տեղի ունեցավ»,- ասաց Եղեգնուտի բնակիչը։
Նա նշեց, որ գյուղում լարված էր իրավիճակը մինչև ժամը 12։00-ը, երբ հայտնի դարձավ, որ դատարանը վարույթ է ընդունել ավագանու անդամների հայցադիմումը։
Համայնքի ավագանու 7 անդամներից 4-ը հայցադիմում է ներկայացրել Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի դեմ: Ավագանու անդամները պահանջում են անվավեր ճանաչել մարզպետի 22.06.2020թ. այն որոշումը, որով անվավեր է ճանաչել նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանի որոշումը՝ Եղեգնուտում ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին:
Hetq.am-ը գրում է, որ գործով երրորդ անձ է հանդես գալիս համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ռազմիկ Մկրտչյանը, ում լիազորությունները դադարել են Հ. Մաթևոսյանի կայացրած որոշումից հետո:
«Իրավաբանը բացատրեց, որ այլևս նախկին գյուղապետի վերադարձ այդ պաշտոնում չի կարող լինել, մարզպետը պետք է նշանակի ժամանակավոր պաշտոնակատար ու նշանակվեն ընտրություններ»,- ասաց Ս.Մկրտչյանը։
Գյուղի բնակիչների ճնշման տակ, Եղեգնուտ համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանը 2018թ. լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում էր գրել, ինչը չէր ընդունվել համայնքի ավագանու կողմից: Սակայն Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանը, նշելով, որ ավագանին համայնքապետի լիազորությունները դադարեցնելու կամ չդադարեցնելու լիազորություն չունի, Եղեգնուտում նշանակել էր համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար:
Վարչական դատարանը Ռազմիկ Մարգարյանին վերականգնել է համայնքի ղեկավարի պաշտոնում: Դրա հիման վրա Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը հունիսի 22-ին անվավեր է ճանաչել Եղեգնուտ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին նախորդ մարզպետ Գագիկ Միրիջանյանի՝ 2018թ. օգոստոսի 24-ին ստորագրած թիվ 287 որոշումը:
Եղեգնուտցիները դժգոհ են այդ որոշումից և մինչ օրս պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում համայնքում, նրանք չեն ցանկանում, որ նախկին գյուղապետը վերադառնա։
Տեսանյութերը՝ Սմբատ Մկրտրյանի ֆեյսբուքյան էջից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին