Կոչուբաև. Մարտի մեկի իրադարձությունները թալան որակելը չի կարող հանգեցնել քաղաքացիաիրավական հետևանքների
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը համոզված է, որ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարազատներ Մարգարիտա Խաչատրյանի ու Սաթիկ Խլղաթյանի կողմից մարտի մեկի իրադարձությունները զանգվածային անկարգություն ու թալան որակելը չի կարելի համարել զրպարտություն։
Դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նա վկայակոչեց «Յոթի գործ»-ով հայտնի դատական ակտը, որտեղ մարտի մեկի իրադարձությունները ներկայացված են հենց այդպես, բացի այդ խանութներ են թալանվել։
«Եթե դատական ակտում մարտի մեկի իրադարձությունները որակվում են որպես թալան ու զանգվածային անկարգություն, չեն կարող հանգեցնել քաղաքացիաիրավական հետևանքների մի պարզ պատճառով, առկա է դատական մակարդակով արձանագրում, որ մարտի մեկին տեղի է ունեցել թալան»,-ասաց Կոչուբաևը։
Հիշեցնենք, որ ամեն բան սկսվեց կառավարության որոշումից, որով մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ սպանվածների ընտանիքներին տրամադրվեց 30 մլն դրամ։ Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին որոշումն անարդար թվաց։
Պատասխանող Սաթիկ Խլղաթյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, հպարտ է՝ ամուսինը կռվել է թուրքի դեմ պատերազմի, մինչդեռ իրենց ոչ մի օգնություն չի ցուցաբերվել։
Խլղաթյանն ասաց, Գոռ Քլոյանի հայրն իրենց հարևանն է, փորձում է անընդհատ սադրել իրեն, սակայն ինքը սադրանքների չի ենթարկվում։
«Մենք ոչ մեկի արժանապավությունը չենք վիրավորում, կամ ինչ արժանապատվության մասին է խոսքը, եթե Քլոյանն արժանապատվություն ունենար, այսօր տանից դուրս չէր գա։ Ես ավելի շատ եմ նրա որդու արժանապատվությունը պահում, քան հայրն իր պահվածքով»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Մարտի 1-ին սպանվածների հարազատներն ընդդեմ զոհված զինվորների ծնողների գործով նիստը հետաձգվեց
- Մարգարիտա Խաչատրյան. Առաջնահերթությունը չպիտի տրվեր Օպերայից մինչև քաղաքապետարան խանութ թալանողներին
- Մարգարիտա Խաչատրյան. Հինգշաբթի կլինենք կառավարության առջև
- Մարգարիտա Խաչատրյան. Հարգարժան վարչապետ, եթե գումարի խնդիր չունեք, անդրադարձեք զոհված զինվորների ընտանիքներին
- Ոչ մերժում ենք ստացել, ոչ՝ դրական լուծում. Մարգարիտա Խաչատրյան