350 000 աշխատողի աշխատանքային գրքույկները թվայնացված չեն. Սմբատ Սաիյան
«Պետական եկամուտների կոմիտեի տվյալների շտեմարանի տեղեկատվության համաձայն` առկա է շուրջ 350 000 աշխատող, ում գրքույկները դեռևս թվայնացված չէ»,- Աժ-ում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը՝ ներկայացնելով «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը և առաջարկեց թվայնացման համար նախատեսված ժամկետը երկրորդ անգամ երկարցնել մինչև 2022 թվականի հունվարի 1-ը:
Փոխնախարարը հայտնեց, որ 2017 և 2018 թվականների ընթացքում Ծառայության տարածքային բաժինների կողմից հավաքագրվել, կապալառու կազմերպությունների միջոցով տեսաներածվել (թվայնացվել ) և «Աշխատանքային գրքույկներ» ենթահամակարգ են մուտքագրվել շուրջ 270 000 աշխատանքային գրքույկ:
Սակայն 2018 թվականին աշխատանքների կատարման ընթացքում պարզ է դարձել, որ հարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտերով հավաքագրման և տեսաներածման համար սահմանված ժամկետը` 2017 թվականի հունվարից մինչև 2019 թվականը, աշխատանքներն ամբողջ ծավալով իրականացնելու համար բավարար չէ և կառավարությունը օրենքում փոփոխություն էր արել՝ այն երկարաձգելով մինչև 2020 թվականը: Այդ մեկ տարվա ընթացքում էլ հնարավոր է եղել թվայնացնել 125 հազար աշխատանքային գրքույկ:
Մնացած 350 հազար գրքույկները թվայնացնելու համար էլ կառավարությունը դիմում է կրկին ժամկետը երկարձգելու խնդրանքով և հավաստիացնում, որ այդ ընթացքում կհասցնի ավարտել աշխատանքները: Դրա համար էլ առաջարկվող նախագծով նախատեսվում է գրքույկները ներկայացնելու համար ժամկետներ սահմանել գործատուների համար:
Վերջիններս «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքով սահմանված տեղեկատվական բազայի տեղեկատվության հիման վրա, իրենց հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձանց աշխատանքային գրքույկները ներկայացնելու են.
1) 1000 և ավելի աշխատող ունեցող գործատուները` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ծանուցվելուց հետո երեք ամսվա ընթացքում,
2) 300-ից 1000 աշխատող ունեցող գործատուները` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ծանուցվելուց հետո վեց ամսվա ընթացքում,
3) 100-ից 300 աշխատող ունեցող գործատուները` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ծանուցվելուց հետո ինը ամսվա ընթացքում,
4) 50-ից 100 աշխատող ունեցող գործատուները` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ծանուցվելուց հետո տասներկու ամսվա ընթացքում,
5) մինչև 50 աշխատող ունեցող գործատուները` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ծանուցվելուց հետո տասնհինգ ամսվա ընթացքում:
Սմբատ Սաիյանը հայտնեց, որ դրանից բացի գրքույկները տեսաներածելու համար տարածքային բաժիններ էին դիմում նաև չաշխատող անձինք, ինչը լրացուցիչ աշխատանքներ են ենթադրում: