Մարտի 1-ին սպանվածների հարազատներն ընդդեմ զոհված զինվորների ծնողների գործով նիստը հետաձգվեց
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում մարտի 1-ի իրավահաջորդներն ընդդեմ արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հարազատների` հատուցում ստանալու պահանջով դատական նիստը շատ կարճ տևեց։
Հիշեցնենք, որ մարտի մեկի իրադարձությունների հետևանքով սպանվածներից մի քանիսի ծնողները՝ Սարգիս Քլոյանը, Վաչագան Ֆարմանյանը, Ռուզաննա Հարությունյանը, Ալլա Հովհաննիսյանը, Էդիկ Հարությունյանը, Մարիամ Հովհաննիսյանը, Լիլիա Մինասյանը, Ջեմմա Վարդումյանը. Վարդուհի Բաղդասարյանը հայց են ներկայացրել դատարան՝ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջով։
Որպես պատասխանող կողմ նշվել է «Զինվորի մայր» ՀԿ-ի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը, Սաթենիկ Խլղաթյանը։
Պատասխանող կողմի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը՝ վկայակոչեց 7-ի գործով մեղադրյալներ Ալեքսանդր Արզումանյանի ու Սուրեն Սիրունյանի երկխոսությունը, որը տեղ է գտել դատական ակտում, ըստ որի «մարտի 1-ի գործողությունները որակված են թալան ու զանգվածային անկարգություն»։
Նա նշեց, որ իր պաշտպանյալների հայտարարությունները ողջամիտ կրկնություն են այդ դատական ակտի, որը իրավական համակարգում դեռ վերացված չէ։
«Դրանց ողջամիտ վերարտադրությունը չի կարող որակվել որպես զրպարտություն»,-ասաց փաստաբանը։
Բացի բովանդակային առարկությունից նա նշեց նաև ընթացակարգային խախտումներ, օրինակ հայց ներկայացրածները Քաղաքացիական օրենսգրքի իմաստով չեն կարող հանդիսանալ մահացածների իրավահաջորդներ։
Բացի այդ, տեղեկացրեց, որ Մարգարիտա Խաչատրյանը «Զինվորի մայր» ՀԿ նախագահը չէ, և նման պահանջ չի կարող ներկայացվել նրան։
Կոչուբաևը նաև ընդգծեց, որ հայցի վաղեմության խնդիր կա։
«Հրապարակումը լույս է տեսել 2019-ի նոյեմբերի 28-ին, հայցը հարուցվել է 2020 թ. հունվարի 13-ին»,-ասաց նա՝ դատարանին ներկայացնելվ դիմումի օրինակը։
Դատավոր Լիզա Գրիգորյան նկատեց, որ դիմումի կրկնօրինակը պետք է ուղարկվի նաև հայցվոր կողմին, որպեսզի նա ծանոթանա։ Նիստի քննությունը հետաձգվեց, հաջորդ նիստը նշանակվեց օգոստոսի 19-ին ժամը 16-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին