Արցախում առաջին ընթերցմամբ միաձայն ընդունել են համաներման մասին նախագիծը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հուլիսի 16-ին գումարել է արտահերթ նստաշրջան:
Նստաշրջանի մեկնարկին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ուղղությամբ Ադրբեջանի հրահրած մարտական գործողությունների ընթացքում զոհված հայ զինծառայողների հիշատակը:
Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, անցնելով նստաշրջանի աշխատանքներին՝ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել է, որ Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նստաշրջանի օրակարգում «Քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծն է, որը քննարկվելու և քվեարկվելու է երկու ընթերցմամբ:
Խորհրդարանի ղեկավարը նաև նշել է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահը ներկայացրել է «ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգային հարցի հատուկ ընթացակարգի մասին» ԱԺ որոշման նախագիծ, որով առաջարկում է նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում: Նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկները և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանվել է առնվազն 3-ական ժամ:
Խորհրդարանն ընդունել է որոշումը և անցել օրակարգային հարցի քննարկմանը:
«Քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ քննարկմանն է ներկայացրել Հանրապետության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանը:
Վերջինիս փոխանցմամբ՝ Հանրապետության նախագահի կողմից առաջարկվող համաներումը ունի նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման նպատակ: Նախագծով առաջարկվում է համաներում հայտարարել 2020թ-ի հուլիսի 1-ը ներառյալ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ հանցագործություն կատարած անձանց նկատմամբ:
Նախագծի վերաբերյալ քննարկումից և ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո, խորհրդարանը առաջին ընթերցմամբ միաձայն ընդունել է օրենքի նախագիծը:
ԱԺ նախագահը հայտարարել է, որ այսօր 16:30-ին նախագիծը երկրորդ ընթերցմաբ կներկայացվի խորհրդարանի քննարկմանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան