Գլխավոր դատախազությունը հրապարակել է թշնամու կրակից կրած վնասները
Հուլիսի 13-ին և 14-ին, հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի հատվածում ադրբեջանական մարտական հենակետերից տարբեր զինատեսակներից, այդ թվում տարբեր տրամաչափի հրազենային, հրետանային միջոցներից կրակոցներ և արկեր են արձակվել մի շարք բնակավայրերի՝ մասնավորապես մարզի Բերդ քաղաքի, Բերդ համայնքի Այգեպար, Չինարի, Նորաշեն, Ներքին Կարմիր Աղբյուր, Տավուշ բնակավայրերի ուղղությամբ:
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ խաղաղ բնակչությանը՝ ՀՀ քաղաքացիներին սպանելու դիտավորությամբ կատարված կրակոցների, արկերի պայթյունների արդյունքում տարբեր աստիճանի վնասներ են հասցվել այդ բնակավայրերի խաղաղ բնակիչների, քաղաքացիական անձանց անշարժ և շարժական գույքերին, բնակավայրերում տեղակայված քաղաքացիական և արտադրական նշանակության օբյեկտներին:
Մասնավորապես՝ նշված գործողությունների արդյունքում տարբեր աստիճանների վնասներ են հասցվել՝
Այգեպար բնակավայրում՝ 9 առանձնատան, բնակչի պատկանող և քաղաքացիական օգտագործման «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենային, բնակավայրում գործող կոնյակի գործարանին, ինչպես նաև Ոստիկանության ՊՊԳՎ-ին պատկանող պահակակետին, որի հետևանքով հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել պահակակետում ծառայություն իրականացնող Ոստիկանության ՊՊԳՎ վարչության Տավուշի բաժանմունքի 2 ոստիկան,
Չինարի բնակավայրում՝ 4 առանձնատան, բնակչին պատկանող, անձնական օգտագործման «ԳԱԶ 53» մակնիշի 1 ավտոմեքենային,
Ներքին Կարմիր Աղբյուր բնակավայրում՝ 6 առանձնատան,
Բերդ քաղաքում՝ գործող կոնյակի գործարանին,
Նորաշեն բնակավայրում՝ բնակչին պատկանող, անձնական օգտագործման «ՈւԱԶ» մակնիշի մեկ ավտոմեքենային,
Տավուշ բնակավայրում՝ մեկ գերեզմանի շիրմաքարին և հենապատերին:
Նշված հանցավոր գործողությունների արդյունքում մարդկային կորուստներից հաջողվել է խուսափել միայն այն պատճառով, որ բնակիչները, ինչպես նաև արտադրական ձեռնարկությունների աշխատակիցները, հասցրել են պատսպարվել ապաստարաններում, թաքստոցներում կամ այլ վայրերում:
Վերոնշյալ դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է 13 քրեական գործ՝ որոնցից՝ 12-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:
Քրեական գործերն ընդունվել են վարույթ:
Իրականացվող նախաքննության շրջանակներում կատարվում են անհետաձգելի մի շարք քննչական գործողություններ, նշանակվել են փորձաքննություններ:
Նախաքննությամբ արդեն իսկ հիմնավորվել է, որ ՀՀ սահմանամերձ բնակավայրերը և քաղաքացիական օբյեկտները Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են միտումնավոր՝ ազգային ատելության շարժառիթներով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար խաղաղ բնակիչներին կյանքից զրկելու և գույքը ոչնչացնելու նապատակներով:
Դատախազությունից հայտնում են, որ ավելի ուշ տեղեկատվություն կտրամադրվի նաև ՀՀ ԶՈւ զինծառայողների և ռազմական նշանակության օբյեկտների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված հանցավոր գործողությունների դեպքերի և դրանց քրեաիրավական ընթացքների վերաբերյալ:
Հարակից հրապարակումներ`
- Չինարիում խաղաղ բնակիչ է վիրավորվել
- Տավուշի մարզպետ. Ռմբակոծության ընթացքում բնակիչները հիմնականում գտնվել են ապաստարաններում, նկուղներում
- ՊՆ-ն թշնամու կողմից Այգեպարի հրետակոծման կադրեր է հրապարակել
- ՊՆ. Թշնամին ժամը 05:20-ին սկսել է հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը
- Այգեպարում տանիքում բռնկված հրդեհի հետևանքով հոսպիտալացվել է տան բնակիչը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան