Դաքարում 2022թ-ին նախատեսված պատանեկան օլիմպիական խաղերը կանցկացվեն 2026 թ-ին
ՀԱՕԿ-ը գրում է, որ տեղի է ունեցել միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի հեռավար նիստը։ Օրակարգում եղել են բազմաթիվ հարցեր, որոնց քննարկման արդյունքում կայացվել են համապատասխան որոշումներ։
Այպիսով, որոշվել է, որ Դաքարում նախատեսված 2022թ․ պատանեկան օլիմպիական խաղերը կանցկացվեն 2026թ-ին: Առաջարկն արել է Սենեգալի նախագահ Մակի Սալլեմը։
ՄՕԿ-ը, օլիմպիական շարժմանն աջակցող ծրագրի համաձայն, 800 միլիոն դոլար է հատկացրել համաճարակի հետևանքները վերացնելու համար։ Արդեն բաժանվել է 100 միլիոն դոլար։ 43 միլիոնը փոխանցվել է միջազգային ֆեդերացիաներին, իսկ մնացածը՝ ազգային օլիմպիական կոմիտեներին։
Նախագահ Թոմաս Բախը վստահություն է հայտնել, որ օլիմպիական ամառային խաղերը եկող տարի անպայման տեղի կունենան և պատանեկան ստուգատեսը չի առնչվում Տոկիոյի մարզահանդեսի անցկացման հետ։ Դաքարի որոշման հիմնական պատճառն այն է, որ գործնականում անհնար կլինի երեք տարվա ընթացքում հինգ միջոցառում կազմակերպել:
ՄՕԿ-ը նախատեսում է սեպտեմբերին ավարտել «Տոկիո -2020» -ի նախապատրաստական ծրագիրը։ Այդ հարցը կքննարկվի կազմկոմիտեի և մարզական ֆեդերացիաների հետ։ Հատկապես կարևորվում են վարակի տարածումը կանխելու միջոցառումները, մարզադաշտերում հանդիսատեսների ներկայությունը, մարզիկների անվտանգությունը և այլն։
Ավարտվել է Տոկիոյի օլիմպիական խաղերի որակավորման մրցումների գործընթացը ՝ յուրաքանչյուր մարզաձևի համար: ՄՕԿ-ը սերտորեն համագործակցել է բոլոր միջազգային ֆեդերացիաների, խորհրդակցել մարզիկների և ազգային օլիմպիական կոմիտեների հետ:
Որակավորման վերջնաժամկետը 2021թ․ հունիսի 29-ն է։
Հաշվի առնելով ներկա իրավիճակը, վարկանիշային մրցումների ժամկետներն ու վայրերը դեռ որոշված չեն: Ամսաթվերը սահմանված կարգով պետք է հաստատեն միջազգային մարզական ֆեդերացիաները։ Այդ հարցերով զբաղվում է ՄՕԿ-ի համապատասխան աշխատանքային խումբը։
Ողջունելի է հոկեյի ազգային լիգայի /NHL/ այն որոշումը, որով իր խաղացողներին թույլատրել է մասնակցել ձմեռային հաջորդ՝ 2022թ․և 2026թ․կայանալիք օլիմպիական խաղերին։
Նիստի օրակարգում նաև լսվել է ՄՕԿ-ի 136-րդ նստաշրջանի անցկացման հարցը: Կազմակերպության պատմության մեջ առաջին անգամ ղեկավար կազմը հեռակա կարգով կքննարկի ընթացիկ խնդիրները:
Համաժողովը կանցկացվի հուլիսի 17-ին ՝ տեսակոնֆերանսի ձևաչափով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները