Արցախի ԱԺ. Ադրբեջանի ղեկավարությունը սեփական ժողովրդին ներքաշում է հերթական արկածախնդրության մեջ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները տարածել են համատեղ հայտարարություն, որտեղ ասված է.
«Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները խստորեն դատապարտում են վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ուղղությամբ Ադրբեջանի հրահրած մարտական գործողությունները, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի:
Թիրախավորելով հայկական բնակավայրերը՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը սեփական ժողովրդին ներքաշում է հերթական արկածախնդրության մեջ, որը հղի է իր իսկ համար աղետալի հետևանքներով:
Հավատարիմ մնալով հրադադարի պահպանման և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը բանակցային եղանակով լուծելու սկզբունքին՝ միաժամանակ, զգուշացնում ենք, որ Հայաստանի ու Արցախի պետական սահմանների հանդեպ ցանկացած ոտնձգություն կստանա համարժեք պատասխան:
Փաստում ենք, որ համավարակի արագ տարածման պայմաններում, երբ ողջ աշխարհը ուժերը միավորել է համաշխարհային ծանր առողջապահական ու տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար, Ադրբեջանի և նրա ռազմական հովանավոր Թուրքիայի նման ագրեսիվ վարքագիծը վտանգավոր է ինչպես Հայաստանի ու Արցախի, այնպես էլ` ողջ տարածաշրջանի համար:
ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ ենք անում վճռականորեն դատապարտել Ադրբեջանի նման պահվածքը և անհրաժեշտ մեխանիզմներ կիրառել իրավիճակի հետագա սրացումը կասեցնելու, տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունը անխաթար պահելու համար»։
«Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցություն
«Միասնական հայրենիք» խմբակցություն
Արցախի «Արդարություն» խմբակցություն
«Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցություն
«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն
Հարակից հրապարակումներ`
- Փորձագետ. Ադրբեջանը միշտ էլ կենդանի վահան է դարձրել իր բնակավայրերն ու քաղաքացիներին
- «Ռազմինֆո». Ադրբեջանական կողմը սեփական բնակչությանը շրջապատել է հրետանային մարտկոցներով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին