Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը
Թուրքիայի արտգործնախարարությունը արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի՝ Թուրքիայում հնչած վերջին հայտարարությունների առնչությամբ հուլիսի 15-ի հայտարարությանը։
Հայտարարության մեջ Թուրքիան Հայաստանին մեղադրել է «երկերեսանի պահվածք դրսևորելու և Հարավային Կովկասում մնայուն խաղաղության և կայունության հաստատման դեմ իրական խոչընդոտ հանդիսանալու մեջ»։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Թուրքիայի համոզմամբ՝ Հայաստանի մոտեցումը մի մտածելակերպի դրսևորում է, որն «իր ինքնությունը ստեղծում է պատմության միակողմանի ընկալումից միայն թշնամանք քաղելով և ջանում է միջազգային իրավունքի դեմ իր ագրեսիան օրինական ներկայացնել» և հավելել, որ այդ դիրքորոշումը Թուրքիայի համար «զարմանալի չէ»։
Այնուհետև կրկնելով իրենց գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշօղլուի հոխորտանքը, շեշտվել է․ «անհրաժեշտ է, որ Հայաստանի պետական մարմինները խելքները գլուխները հավաքեն և հնարավորինս շուտ սովորեն լինել Հարավային Կովկասում ոչ թե խնդրիների, այլ լուծումների մաս»։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ ասվում էր, որ հուլիսի 12-ին Հայաստանի Հանրապետության Տավուշ մարզի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի ձեռնարկած հարձակումից հետո Թուրքիայի ղեկավարությունը՝ այդ թվում նախագահը, արտաքին գործերի և պաշտպանության նախարարները, հանդես են եկել մի շարք պաշտոնական հայտարարություններով, որոնցում առկա են ոչ միայն Ադրբեջանին անվերապահ աջակցության հանձնառություն, այլև Հարավային Կովկասի հանդեպ անթաքույց տարածաշրջանային հավակնություններ, որոնք Թուրքիայի նախագահը և նրան ձայնակցող պաշտոնյաները փորձում են հիմնավորել մեր տարածաշրջանում Թուրքիայի ‹‹պատմական առաքելության›› վկայակոչմամբ:
‹‹Պետք է արձանագրել, որ 21-րդ դարում Թուրքիան մեր տարածաշրջանի հանդեպ քաղաքականությունը կառուցում է ցեղային ընդհանրությունների և Հայոց ցեղասպանության արդարացման և այդ հանցանքի անպատժելիության ավանդույթների վրա:
Թուրքիայի կողմնակալ և սադրիչ կեցվածքը լուրջ վնաս է հասցնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը և փաստում է, որ Թուրքիան միջազգային՝ նախևառաջ ԵԱՀԿ, շրջանակներում չի կարող որևէ ներգրավում ունենալ հակամարտության առնչվող գործընթացներում:
Թուրքիան այս մոտեցումներով հանդիսանում է Հայաստանի և մեր տարածաշրջանի անվտանգության սպառնալիքը, որի դիմակայումը պահանջում է լայն տարածաշրջանային և միջազգային համագործակցություն»,-նշված էր ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան