«Հրապարակ». Ագրեսորին չմատնանշեցին. «Փաշինյանը պետք է հետևություններ անի»
«Հրապարակ» թերթը գրում է. ««Մենք հերթական անգամ թերացանք մեր ռազմական հաղթանակը միջազգային դիվանագիտական ոլորտում մատուցելու գործում, որ աշխարհը հասկանա՝ նախահարձակն Ադրբեջանն է։ Մեր ԱԳՆ-ի ուշացած հայտարարությունը, ի տարբերություն Ադրբեջանի հայտարարության, անատամ էր և խոսում էր ընդամենը «ներթափանցման» մասին, հետո էլ, չգիտես ինչու, անիմաստ ուրախանում, որ Գվատեմալան Հայաստանի կողքին է։ Այսինքն` դիվանագիտորեն ձախողված ենք, թեև բանակն իր գործը փայլուն է անում, բայց մյուս կառույցներն անգործունակ են»,- ասաց նախկին ուժայինը:
Բավարա՞ր էին մեր գերատեսչությունների քայլերն այս օրերին, մասնավորապես՝ դիվանագիտական․ հարցրինք Էդմոն Մարուքյանին։ «Այնքանով, որքանով ես տեղյակ եմ այդ գերատեսչությունների գործողություններից, կարծում եմ` բավարար էին։ Ինչ-որ բան չգիտեմ, որ կարելի էր անել և չի արվել, եթե նման բան լիներ, ինքս կոչ կանեի, որ անեին»:
Նույն հարցը տվեցինք ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին։ «Կարծում եմ` օպերատիվ աշխատանքները շարունակվում են, Հանրապետականը նույնպես հենց առաջին վայրկյանից միջազգային իր բոլոր գործընկերներին ադրբեջանական ագրեսիայի մասին ինֆորմացիա է տվել ու շարունակում է թարմացնել, սակայն մի քանի կարևոր հետևություն պետք է անել. միջազգային արձագանքը վկայում է, որ նրանք տարբերության նշան չդրեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև, և որ Նիկոլ Փաշինյանի հռչակած ժողովրդավարությունը՝ որպես արտաքին այցեքարտ, չի աշխատում: ՀՀ-ում արևմտյան մի շարք դեսպանատներ, որոնք սատարում են Նիկոլ Փաշինյանին` ներքին քաղաքական ավանտյուրաների հարցում, նույնքան բարյացակամ չգտնվեցին, որպեսզի մատնանշեն բուն ագրեսորին։ Ասել է՝ ներքին քաղաքականությունում Նիկոլ Փաշինյանի առջև կանաչ լույս են վառում, իսկ արտաքինում աջակցություն չեն ցուցաբերում. Փաշինյանը պետք է հետևություններ անի»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: