
ՔԿ. 36 վիրավոր զինծառայողներից 16-ն ունեն քերծվածքներ
Հայկական մարտական հենակետերի վրա կատարված հարձակումների, կրակոցների հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած 36 զինծառայողներից 20-ը հոսպիտալացվել և համապատասխան բուժօգնություն են ստացել, իսկ մյուս 16 զինծառայողներն ունեն թեթև վնասվածքներ՝ քերծվածքների ձևով։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից՝ պարզաբանելով երեկ ուշ երեկոյան տարածած հաղորդագրությունը։
Քննչական կոմիտեի կողմից, համաձայն ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասի՝ (տուժող է ճանաչվում այն անձը, ում քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով անմիջականորեն պատճառվել է բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս:
Տուժող է ճանաչվում նաև այն անձը, ում կարող էր անմիջականորեն պատճառվել բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս, եթե ավարտվեր քրեական օրենսգրքով չթույլատրված արարք կատարելը), գնահատվում է որպես մարմնական վնասվածք:
«Հարկ ենք համարում ընդգծել, որ ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նույն դեպքերին տրվում են տարբեր գնահատականներ՝ հաշվի առնելով կառույցների գործառույթներն ու առանձնահատկությունները»,-ասված է ՔԿ պարզաբանման մեջ։