Պերճ Զեյթունցյանի ծննդյան օրն է
Այսօր հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ, պետական մրցանակի կրկնակի դափնեկիր Պերճ Զեյթունցյանի ծննդյան օրն է։ Նա ծնվել է 1938 թ. Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում 1948 թվականին ծնողների հետ տեղափոխվել է Խորհրդային Հայաստան։ Սովորել է Երևանի Ղազարոս Աղայանի անվան միջնակարգ դպրոցում, որն ավարտել է 1956 թվականին ոսկե մեդալով: 1963 թվականին ավարտել է Պյատիգորսկի օտար լեզուների ինստիտուտի հեռակա բաժինը։ 1963-1964 թվականներին սովորել է Մոսկվայի երկամյա բարձրագույն սցենարական դասընթացներում։
1953 թվականին «Պիոներ» ամսագրում տպագրվել է Պերճ Զեյթունցյանի առաջին պատմվածքը՝ «Նվեր»։ 1956 թվականին հրատարակվել է նրա ստեղծագործությունների առաջին ժողովածուն «Նրա առաջին ընկերը»։ 1956 թվականին գրողին շնորհվել է Հայաստանի երիտասարդական փառատոնի I մրցանակ՝ ոսկե մեդալ, իսկ 1957 թվականին ստացել է ԽՍՀՄ երիտասարդական փառատոնի II մրցանակ՝ արծաթե մեդալ։
1965-1968 թվականներին եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի խմբագիրը, 1965-1975 թվականներին` հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայի գլխավոր խմբագիրը, 1975-1986 թվականներին՝ Հայաստանի գրողների միության քարտուղարը։ 1986-1990 թվականներին զբաղեցրել է «Պիոներ» ամսագրի գլխավոր խմբագիրի պաշտոնը։ 1991-1992 թվականներին եղել է ՀՀ մշակույթի առաջին նախարարը։
Պերճ Զեյթունցյանը հեղինակել է 12 պիես, որոնք բեմադրվել են Երևանի թատրոններում։ Գրքերը թարգմանվել են 11 լեզուներով, այդ թվում՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն։
2007 թվականին Պերճ Զեյթունցյանին հանձնվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշան։ Դրանից մի քանի տարի առաջ էլ արժանացել է «Հայ արվեստի ասպետ», ինչպես նաև «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումներին։ 2013 թ. ՀՀ Վարչապետի որոշմամբ պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով։ 2016 թվականին Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակի առթիվ, հայ գրականության և մշակույթի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար պարգևատրվել է Պատվո շքանշանով:
Պերճ Զեյթունցյանը մահացել է 2017 թվականի օգոստոսի 21-ին։
Նրա ստեղծագործություններից են՝ «Արշակ Երկրորդ», «Ամենատխուր մարդը», «Մեծ լռություն», «Ծնվել է ու մահացե»լ, «Հիսուս Նազովրեցին և իր երկրորդ աշակերտը: Խոր վիրապ», «Ոտքի՛, դատարանն է գալիս» և այլն։
«Ինչո՞ւ կեղծ համեստություն անեմ՝ ես իմ բոլոր գրքերն էլ սիրում եմ, բայց հավանում եմ հատկապես «Արշակ 2-րդը», որը մեծ շնչառության, արդիական հիմնախնդիրներով, լավ գրված վեպ եմ համարում: Դրա վկայությունը թերևս այն է, որ երկու անգամ հրատարակվել է Երևանում, թարգմանվել, երկու անգամ տպագրվել է Մոսկվայում, ապա՝ Պրահայում: Անմիջապես, կրկին առանց կեղծ կեցվածքի ավելացնեմ, որ ինքս, որպես գրող, երբեք գոհ չեմ եղել ինձնից ու չեմ: Ինձ միշտ տանջել է ներքին անվստահության կասկածը ու դրան, որքան էլ արտառոց թվա, մեծապես նպաստել է մեր գրական միջավայրը, հատկապես՝ քննադատությունը: Բանը հասել էր այնտեղ, որ ինձ՝ այն ժամանակ երիտասարդ գրողիս, հրապարակայնորեն, Խորհրդային Հայաստանի պաշտոնաթերթում՝ «արևմտաեվրոպական գրականության դեսանտ» էին կոչում: Մինչդեռ «դեսանտությունն» այն էր, ինչը հետագայում Պարույր Սևակը այսպես բանաձևեց՝ «նայել նույն ուղղությամբ, որով ընթանում է համաշխարհային արվեստը», այսինքն՝ հասնել այն բանին, որ ազգայինը ընկալվի համաշխարհային արվեստի համատեքստում: Հակառակ դեպքում առաջանում է լուսանցքում հայտնվելու վտանգը՝ ինչպես մենք հայտնվել ու հայտնվում ենք հաճախ: Բարեբախտաբար նման պիտակներին միշտ էլ հակակշռել է ընթերցողների սերը: Ես միշտ էլ իմ թիկունքին զգացել եմ որոշակի թվով, ընդ որում՝ նվիրված ընթերցողների քաջալերանքը, համակրանքը»,- ասել է Պ. Զեյթունցյանը:
«Հայֆիլմ» կինոստուդիան 1973-ին նրա սցենարով նկարահանել է «Երևանյան օրերի խրոնիկան»: Երևանի դրամատիկական թատրոնը 1974-ին բեմադրել է Պերճ Զեյթունցյանի «Ամենատխուր մարդը» տրագիկոմեդիան, 1980-ին` «Աստվածների կանչը» դրաման, 1984-ին` «Մեծ լռություն» (Դանիել Վարուժանին նվիրված) պիեսները: Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոնը բեմադրել է նրա «Ավերված քաղաքի առասպելը» (1975), «Անավարտ մենախոսություն» (1983) դրամաները: 1988-ին բեմադրվել է Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն», «Ոտքի, դատարանն է գալիս», 1999-ին` «Հիսուս Նազովրեցին և իր երկրորդ աշակերտը» գործերը: Ինքը` Պերճ Զեյթունցյանը 1984-ին բեմականացրել է «Սպենսեր Դոնովանի գործը» հեռուստատեսային ներկայացումը ըստ Ֆելիքս Ջեքսոնի «Աստված ինձ օգնական» վեպի:
Զեյթունցյանը պետական մրցանակի կրկնակի դափնեկիր էր, մշակույթի վաստակավոր գործիչ, Հռոմի արվեստների և հասարակական գիտությունների «Տիբերինա» ակադեմիայի պատվավոր անդամ։