Լուրեր Մոսկվայից. Մի քանի ժամում ծիրանը ծախվել է
Մոսկվաբնակ Գոռ Փափազյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց՝ մի քանի ժամում Հայաստանից բերված ու ֆուռերում մնացած ծիրանը վաճառվել է։
Նրա խոսքով, տեղեկանալով ստեղծված իրավիճակի մասին՝ Մոսկվայի շրջանում ապրող հայերը հասել են «Ֆուդ սիթի» կոչվող առևտրի կենտրոնի տարածք, որպեսզի ծիրան գնեն։
«Ես հիմա ֆուռերի մոտ եմ։ Ուզում եմ ասել, որ Մոսկվայի տարբեր ծերերից մեր հայությունը 100 կմ, 80 կմ, 60 կմ քշել-եկել են, հասել են այստեղ, որ մեր գյուղացու քրտինքը չընկնի ջուրը։ Մի քանի ժամում ողջ ծիրանը ծախվել է ժողովուրդ ջան»,-ասաց նա։
Նշենք, որ հայկական ծիրանի շուրջ ստեղծված իրավիճակը հետևեց Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողություններին, երբ մարտի դաշտում կորուստներ կրած թշնամին որոշեց նախ ռուսական շուկաներից մեկում ցուցադրաբար արկղերով ծիրան գնել ու ոտքերի տակ ճզմել, ապա հայկական ծիրանի մուտքը փակեցին ադրբեջանցուն պատկանող մեծ շուկա։
Մոսկվայի «Ֆուդ սիթի» մեծածախ առևտրի շուկան միակն է ՌԴ մայրաքաղաքում, որտեղ հնարավոր է կանգնել բեռնատարներով ու վաճառել ապրանք։ Այնտեղ են իրենց ապրանքը վաճառում նաև Հայաստանի գյուղմթերք, հիմնականում ծիրան տեղափոխած մեր հայրենակիցները։
«Անցած գիշերը վարորդներին ստիպել են մեքենաները հանել շուկայից, տարել են պլաշադկա, հիմա էլ ասում են այդտեղից հանեք, գնացեք։ Այս պահին 65-70 ֆուռ կա։ Շուկայի տերն ադրբեջանցի է։ Շատ պարզ ասացին, որ հայկական ապրանք շուկայում չի ծախվելու, հայկական համարներով ոչ մի մեքենան չի մտնելու շուկա»,- Panorama.am-ի հետ զրույցում ասել էր Արմավիր մարզի Խանջյան գյուղի բնակիչ Լեռնիկ Ավագյանը։
Նա նշել էր, որ ամեն մեքենայի համար վճարել են 80 հազար ռուբլի, հիմա այդ գումարն իրենց չեն վերադարձնում։
Հարակից հրապարակումներ`
- 15 տ ծիրանի և 2 տ դեղձի հայրենասիրություն
- Ադրբեջանցիները թույլ չեն տալիս ծիրանով բեռնված մեր բեռնատարները մտնեն շուկա․ Նաիրա Զոհրաբյան