GAIFF Pro-ի պլանավորված բոլոր միջոցառումներն անցկացվել են առանց խնդիրների
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի կինոարտադրության ոլորտի զարգացման GAIFF Pro նորարարական հարթակի ծրագրերն ու նախագծերը հատել են եզրագիծը։ Կազմակերպիչները գոհ են առցանց անցկացված միջոցառումների անցկացումից։ Այս մասին հայտնում են «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի մամուլի ծառայությունից։
«Առցանց միջոցառումների կազմակերպումն ունի իր դժվարություններն ու խնդիրները, ու միշտ վախ կա, որ որևէ նամակ չի հասել, ժամային գոտին խառնվել է, ինչ որ մասնակիցներ չեն գա և այլն: Շատ ուրախ եմ փաստել, որ նմանատիպ խնդիր տեղի չունեցավ, պլանավորված բոլոր միջոցառումներն անցկացվեցին, չեղան ինտերնետային խափանումներ և այլն: Ու թեև շուկան մեծ չէր, ինչպես Ռոտերդամում կամ Կաննում, սրա անցակացումն անչափ կարևոր էր երիտասարդ ռեժիսորների համար, ովքեր չեն կարողանում աշխատել իրենց ֆիլմերի վրա ստեղծված պայմանների պատճառով: Թեև կարճատև, թեև առցանց, նրանք կարողացան գնահատական լսել իրենց նախագծերի վերաբերյալ, ինչը, բնականաբար կօգնի նրանց շարունակել աշխատանքը»,-նշել է GAIFF Pro ծրագրերի ղեկավար Սոնա Կարապողոսյանը։
Նրա խոսքով՝ առցանց կազմակերպված GAIFF Pro-ի համար Փոքր Կովկաս տարածաշրջանից ընտրվել էին 16 կինոնախագծեր, որոնցից 4-ը Հայաստանից: Անցնելով ինտենսիվ դասընթացներ մինչ շուկայի սկսկելը` երիտասարդ ռեժիսորներն ունեցել են անհատական հանդիպումներ մի շարք միջացգային մասնագետների հետ, մասնակցել են հայտնի ռեժիսորներ Ատոմ Էգոյանի և Ալլա Քովգանի, պրոդյուսեր Մարտին Հագեմանի մենթորական հանդիպումներին:
Տեղի է ունեցել նաև աշխատանքային փուլում գտնվող փուլերի փակ և առցանց ցուցադրություններ, իսկ ժյուրին, որտեղ ներգրավված էին մասնագետներ Ֆրանսիայից, Բելգիայից և Գերմանիայից, որոշում է կայացրել մրցանակը շնորհել «Ռոման և ուխտապանը» (ռեժ. Իրակլի Մետրևելի) վրացական նախագծին:
«Շատ ակտիվ անցան նաև 11 զրույցներն ու քննարկումները, որոնք հեռարձակվում էին նաև փառատոնի և GAIFF Pro-ի ֆեյսբուքյան էջերում: Թեմաները բազմազան էին և հետաքրքիր բոլոր մասնագետներին: Թերևս կարող ենք առանձնացնել Ատոմ Էգոյանի հանդիպումը վրացի երիտասարդ ռեժիսորների հետ, որի ընթացքում մասնակիցները փորձում էին զուգահեռներ անցկացնել Ատոմ էգոյանի «Օրացույց» և վրացի ռեժիսոր Կեկո Չելիձեի «Մահացած հոգիների արձակուրդը» ֆիլմերի միջև: Ուշադրության էր արժանի նաև Կինոժառանգության վերականգնման և պահպանմանը նվիրված քննարկումը, որին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի և Ուզբեկստանի մասնագետներ, ովքեր ակտիվորեն ներգրավված են կինոժառանգության պահմանպան գործում: Զրույցը վարում է Դանիել Բըրդը, ով զբաղվում է Սերգեյ Փարաջանովի ֆիլմերի վերականգնմամբ: Մյուս կարևոր զրույցը վարում է ֆրանսիացի Պիեր Սիմոն Գուտմանը, որ ֆիլմերի համագրող է Կաննի փառատոնում և պատմում էր, թե ինչպես են մեծ փառատոնների ընտրություններն ազդում երիտասարդ ռեժիսորիների կարիերաների վրա»,-նշել է Սոնա Կարապողոսյանը։
Մյուս հանդիպումները նվիրված էին ֆիլմերի համար ֆոնդերի հայթհայթմանը, որին մասնակցել են էին Եվրոպայի ամենամեծ փառատոնների և ֆոնդերի ներկայացուցիչները, հատուկ զրույց էր վարում հանրահայտ Ադա Սոլոմոնը, ում արտադրած ֆիլմերն արժանացել են մրցանակների հնարավոր բոլոր փառատոններում: Այս քննարկումների և զրույցների մեծամասնությունը դեռևս հասանելի կլինի փառատոնի ֆեյսբուքյան էջում ևս մի շաբաթ:
Սոնա Կարապողոսյանի խոսքով՝ կարևոր էր այն փաստը, որ չնայած համավարակին, թիմը փորձեց պահել ծիրանյան շունչը Երևանում ու խոստանալով բոլորին շատ շուտով հանդիպել ու վայելել արևոտ Երևանը:
Հարակից հրապարակումներ`
- Ատոմ Էգոյան․ «Ոսկե ծիրան»-ը դարձավ մշակութային կյանքի կարևոր իրադարձություններից մեկը
- Գոդֆրի Ռեջջո․ Բոլորս դժգոհ ենք, որ այս պահին չի կայանում «Ոսկե ծիրան»-ը, բայց չենք հուսահատվում
- GAIFF Pro -ն տեղի է ունենալու հուլիսյան օրերին և առցանց ձևաչափով
- «Ոսկե ծիրան»-ն առցանց զրույց-քննարկում է անցկացրել Կաննի փառատոնի մասնակից ֆիլմի հեղինակների հետ
- «Ոսկե ծիրանը» կկայանա նոյեմբերի 1-8-ը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա