Բոլոր անօրինական գործողությունների համար իվերջո վրա է հասնելու քրեական պատասխանատվությունը․ Սամվել Մայրապետյան
2020 թվականի հուլիսի 17-ին արդեն ավանդույթ դարձած կերպով ԶԼՄ-ներից տեղեկացա ՀՔԾ-ի կողմից իմ մեղադրանքը կրկին լրացնելու մասին: Սա նախորդ լրացման շարունակությունը հանդիսացող` իմ կողմից իբր առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու վերաբերյալ հեքիաթի շարունակությունն է և, ինչպես միշտ, որևէ աղերս չունի իրականության հետ:
ՀՔԾ-ի այս զավեշտալի գործողությունները իրականում ունեն շատ պարզ նպատակ, որի մասին ուզում եմ լուսաբանել հանրությանը:
Ինչպես գիտեք, դեռևս 2018 թվականին ՀՔԾ-ն ինձ մեղադրանք էր առաջադրել խոշոր չափերի կաշառք ստանալուն իբր օժանդակելու մասին: Այդ մեղադրանքը առաջադրելուց շատ կարճ ժամանակ անց ինձ պատկանող ամբողջ գույքի և դրամական միջոցների վրա դրվել էր կալանք, որը գործում է առ այսօր: Այդ անօրինական որոշումը իմ կողմից բողոքարկվել էր դատական կարգով, ինչի արդյունքում 2019 թվականի դեկտեմբերի 20-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը կայացրել էր վերջնական որոշում, որում միանշանակ արձանագրել էր իմ իրավունքների խախտումը և փաստացի պարտավորեցրել ՀՔԾ-ին վերացնել այն: Չնայած հանգամանքին, որ որոշումը կայացվել էր դեռ նախորդ տարվա դեկտեմբերին, այն կողմերին ուղարկվել էր շուրջ վեց ամիս անց՝ 2020 թվականի հունիսի 24-ին:
Եվ ահա, պարզապես նրա համար, որ չկատարեն Վճռաբեկ դատարանի որոշումը, ՀՔԾ-ն հունիսի 25-ից, այսինքն` հաջորդ իսկ օրվանից սկսեց շատ արագ ինձ մեղադրել այժմ արդեն 2004-ից 2014 թվականներին հարկեր չվճարելու մեջ` հնչեցնելով ոչ միայն իրականությունից, այլ նաև տրամաբանությունից և բանականությունից հեռու “մեծ թվեր”: Արդեն ավելորդ եմ համարում ասել, որ բոլոր ներկայացված կազմակերպությունները բազմաթիվ անգամներ ստուգվել են, վերստուգվել են հարկային մարմինների կողմից թե՛ նախորդ և թե՛ գործող իշխանությունների օրոք, նաև նույն ՀՔԾ-ի միջնորդությամբ: Արդյունքում ոչ մի խոշոր խախտում որևէ դեպքով չի արձանագրվել: Ինչպես տեսնում եք, փաստերն ու իրականությունը ամենևին չեն խանգարում ՀՔԾ-ին “ստեղծագործել”: Ուղղակի հասկանալի չէ, թե ինչո՛ւ են կանգ առել ընդհամենը 35 միլիարդ գումարի վրա. նույն տրամաբանությամբ կարելի էր հնչեցնել 35 տրիլիոն կամ 35 սիքսիլիոն, միևնույնն է դրանից ոչինչ չէր փոխվի:
Այս ամենից կա ընդհամենը երկու հետևություն. առաջինը պետք է անեն Հայաստանում ձեռնարկատիրական ցանկացած գործունեություն իրականացրած, իրականացնող և նման ցանկություն ունեցող բոլոր անձինք և կազմակերպությունները: Այն է՝ անկախ ձեր կողմից իրականացվող գործունեության օրինականությունից և այդ օրինականությունը հաստատող բազմաթիվ փաստերից՝ ցանկացած պահի ՀՔԾ-ն կարող է ձեզ մեղադրել հարկ չվճարելու մեջ և հնչեցնել այդ պահին իրենց հարմար, ցանկացած չափի իբր չվճարված հարկի մասին: Փաստորեն, ՀՔԾ-ն չունենալով որևէ մասնագիտական ունակություններ այդ ասպարեզում՝ իրեն է վերապահում հարկային մարմինների լիազորություններ՝ միևնույն ժամանակ լիովին անտեսելով այդ մասնագիտացված պետական կառույցի բազմաթիվ արձանագրություններ: Երկրորդ հետևությունը պետք է անեն այդ անօրինական գործողությունները կատարող ՀՔԾ աշխատակիցները: Ինչպես ցույց է տալիս պատմությունը, ճշմարտությունը վերջիվերջո հաստատվում է թե՛ ներպետական և թե՛ միջազգային դատական ատյաններում և բոլոր անօրինական գործողությունների համար իվերջո վրա է հասնելու քրեական պատասխանատվությունը:
Սամվել Մայրապետյան
Հարակից հրապարակումներ`
- Սամվել Մայրապետյանի մեղադրանքը կրկին լրացվել է.ՀՔԾ
- Փաստաբան. Սամվել Մայրապետյանին վերագրվող մեղադրանքը իրականության հետ աղերս չունի
- ՀՔԾ. Սամվել Մայրապետյանի մեղադրանքը լրացվել է
- «Ժողովուրդ». Չի բացառվում, որ Սամվել Մայրապետյանի պաշտպանները դիմեն ՄԻԵԴ