Իրանը մահապատժի է ենթարկել «Mossad»-ի և ԿՀՎ-ի լրտեսին՝ Սոլեյմանիին մատնելու համար
Մահմուդ Մուսավի Մաջդը մահապատժի է ենթարկվել Իրանում՝ ԿՀՎ-ի և Իսրայելի «Mossad» արտաքին հետախուզական ծառայության հետ համագործակցության համար: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ փոխանցելով Fars գործակալության երկուշաբթի օրը տարածած տեղեկատվությունը։
Նշվում է, որ Իրանի քաղաքացի Մուսավի Մաջդը սովորել է Սիրիայի դպրոցում, որտեղ ընտանիքի հետ տեղափոխվել էր մանուկ հասակում: Անգլերենի և արաբերենի լավ իմացության շնորհիվ նա որպես թարգմանիչ աշխատանքի է ընդունվել Իրանի հետ համագործակցող սիրիական ընկերություններից մեկում: Ըստ գործակալության, 2011-ին սիրիական հակամարտության բռնկման հետևանքով, Մուսավի Մաջդի ընտանիքը վերադարձել է Իրան, իսկ ինքը շարունակում էր աշխատել Սիրիայում:
Աշխատելով որպես թարգմանիչ՝ նրան հաջողվել է մոտենալ Դամասկոսի կառավարությանն աջակցող իրանցի ռազմական խորհրդատուներին և օգտվել գաղտնի տեղեկատվությունից: Մաջդը ԿՀՎ-ին, իսրայելական «Mossad» հետախուզական ծառայությանը և Սաուդյան Արաբիայի հատուկ ծառայություններին է փոխանցել Սիրիայում Իրանի զինված ուժերի անձնակազմի, զենքի և կապի համակարգերի վերաբերյալ տվյալներ: Դրանից հետո նա հայտնվել է իրանական հակահետախուզության ուշադրության կենտրոնում, և գաղտնի տեղեկատվությանը նրա հասանելիությունը սահմանափակվել էր: Հուլիսի 9-ին Իրանի Գերագույն դատարանի խոսնակ Գոլյամ Հոսեյն Իսմայիլին հայտարարեց, որ Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել Մուսավի Մաջդին լրտեսության և օտարերկրյա հետախուզական ծառայություններին գեներալ Քասեմ Սոլեյմանիի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար:
Ավելի ուշ, դատական իշխանությունները հանդես եկան պարզաբանմամբ, որ մեղադրյալի գործունեությունն ուղղակիորեն կապված չէ ԱՄՆ զինված ուժերի կողմից 2020 թվականի հունվարին հրթիռային հարվածի արդյունքում զեհված իրանցի հրամանատարի մահվան դեպքի հետ: Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները 2011 թ.-ին Սիրիայում սկսված զինված բախման սկզբից պաշտոնապես աջակցում են Բաշար Ասադի կառավարությանը: Ըստ պաշտոնական վարկածի, իրանական ուժերը երկրում ներկա են միայն որպես ռազմական խորհրդականների կարգավիճակում: Իրանի իշխանությունները Սիրիայում իրենց զինված ուժերն անվանում են շիա մուսուլմանների կողմից ընդունված սրբությունների պահապաններ, որոնց մեծ մասը գտնվում են Դամասկոսում և Հալեպում: IRIB տեղեկատվական հեռուստառադիոընկերության փոխանցմամբ՝ Մուսավի Մաջդը ոչ միայն իրանական Զինված ուժերի մասին տեղեկություններ է փոխանցել արտաքին հետախուզությանը, Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի անվտանգության ուժերի մասին: Բացի այդ, նա ԿՀՎ- ին է հանձնել սիրիական անվտանգության մարմինների բարեփոխման նախագիծը, որը կազմվել է գեներալ Սոլեյմանի մասնակցությամբ:
Մուսավի Մաջդը նաև «Mossad»-ին պատմել է մանրամասներ Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթամիի Սիրիա կատարելիք այցի մասին: Նշվում է, որ 2013-ից 2017 թվականներին ԿՀՎ-ի հետ համագործակցության համար, ընդհանուր առմամբ, նա ստացել է մոտ 280 հազար դոլար: