Եվս մեկ բաժանարար գիծ
Պարզ տրամաբանությամբ Հայրենիք սիրելը միայն օդն ու ջուրը պաշտելը չէ, այլ առաջին հերթին նրա անվտանգության բաղադրիչների պահպանումը։ Օրինակ, ինչպես պահպանում են երկրի սահմանը, ինչը փառահեղ կերպով իրականացնում են մեր զինվորները։
Անցնող շաբաթվա տավուշյան իրադարձությունները կրկին անգամ անգամ ապացուցեցին, որ 29 տարվա ճանապարհ անցած հայկական բանակը մեր պետության ամենից կայացած կառույցն է։ Տեղին է դրվատանքով նշել նաև տարիների փորձառություն ձեռք բերած մեր ռազմական փորձագետների ու ադրբեջանագետների բարձր պրոֆեսիոնալիզմով ներկայացրած վերլուծությունները, որոնք լիովին լցրեցին այս օրերին պետական քարոզչության բաց թողած դաշտը։
Ասենք, պետական քարոզիչներն իրենք էլ պարապ չեն, այլ ողջ ուժով լծված են «Russia Today» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին «խելքի բերելու» գործին, ով տեսեք-տեսեք «համարձակվել» էր անողոք ճշմարտությունն ասել ՀՀ իշխանությունների հասցեին։ Անգամ ստորագրահավաք է նախաձեռնվել, որպեսզի նա իր հայկական ազգանունը փոխի․․․ Գոնե մի կարգին պահանջ ներկայացնեիք, թե չէ ենթադրենք ազգանունը փոխեց, դրանից նրա ասելիքի էությունը հո չի փոխվելու։
Կեղծ հայրենասերների բանակը, առանց խորանալու ՌԴ-ում և ողջ աշխարհում մեծ հեղինակություն վայելող մեր բարձրաստիճան հայրենակցուհու գրառման պատճառների և մտահոգությունների մեջ՝ կառչած գուցև չափազանց խիստ մեկ-երկու արտահայտություններից, արշավ են սկսել նրա դեմ։ Թերևս չի խանգարի, որ նրանք կարողանան վերջապես տարանջատել պետություն-իշխանություն-ժողովուրդ հասկացությունները, և գիտակցեն, որ Սիմոնյանի ասելիքը ուղղված էր ոչ թե հայ ժողովրդին, այլ կոնկրետ գործող իշխանություններին, որոնք իրոք Հայաստանը երկու տարում վերածել են սորոսա-արևմտյան ուժերի խաղադաշտի։
Ըստ էության, Մարգարիտա Սիմոնյանն ասել է այն, ինչ երկու տարի շարունակ բարձրաձայնվում է Փաշինյանի ընդդիմախոսների կողմից։ Հատկապես վերջին շրջանում, կորոնավիրուսային խայտառակ անգործության կողքին, ամենից շատ քննադատվում է հակառուսական տրամադրություններին «դոբրո» տալը։ Անհաշիվ անգամ ասվել և ասվում է, որ Ռուսաստանի դեմ հոխորտանքները, հատկապես 102-րդ ռազմաբազայի Հայաստանից դուրս բերման մասին զառանցանքները ուղիղ հարված են մեր պետության անվտանգությանը, իսկ ՌԴ հետ մեր հարաբերությունների փչացումր ձեռնտու է միայն մեր դարավոր թշնամի Թուրքիային։
Վերջին օրերին, կապված սահմանային լարվածության հետ, շատերս զերծ էինք մնում սեփական դիրքորոշումներն արտահայտելուց՝ ինֆորմացիոն դաշտը թողնելով ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրություններին և փորձագետների կարծիքներին։ Ինչը սակայն չի կարելի ասել իշխանությունների մասին, ովքեր նոր բաժանարար գիծ քաշեցին հասարակության մեջ։ Քիչ էր որ սև-սպիտակ ու հեղափոխական-հակահեղափոխական էինք, հիմա էլ բաժանվեցինք ռուսասերների և ռուսատյացների։ Այս բաժանումն արդեն պետությանը սպառնացող իրական վտանգ է, հատկապես ադրբեջանա-թուրքական պատերազմատենչ դիրքավորման պայմաններում։
Նույնիսկ այսօր, երբ ՌԴ-ն իր «Կոնտեյներ» համակարգով ծածկել է Հայաստանի երկինքը ցանկացած արտաքին վտանգից, իսկ Թուրքիայի կողմից հնչում են Ադրբեջանին սատարելու անթաքույց դիրքորոշում, գտնվում են հայեր, ովքեր դեռ հավատում են իշխանական խարդավանքներին։
Հայրենիք սիրելը պահի իշխանություններին կուրորեն ենթարկվելը չէ։ Եթե մարդն ինքը Հայրենիքին սպառնացող վտանգը չի զգում, գոնե պետք է ջանա ըմբռնել իշխանությունների վարած ապազգային քաղաքականության հետևանքների և պետականությանը վնասող գործողությունների մասին հնչող ահազանգերը։ Իսկ դրանք շատ են, և ցավոք, որոշներն արդեն իրականացել են՝ նաև կեղծ լոզունգներին ենթարկվող դյուրահավատ մարդկանց աջակցության պատճառով։
Լիա Իվանյան, հրապարակախոս
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին