ՊՆ-ն չի բավարարի զինծառայողների դիմումը. նրանք ըստ նախատեսած ժամանակացույցի կզորացրվեն
Պաշտպանության նախարարությունը չի բավարարի զորացրման ենթակա զինծառայողների դիմում-խնդրանքը և նրանք ըստ նախատեսած ժամանակացույցի կզորացրվեն:
«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Նա, ավելի վաղ տեղեկացել էր, որ 3-րդ զորամիավորման բոլոր զորամասերի զորացրման ենթակա ժամկետային պարտադիր զինծառայողները միահամուռ դիմել են իրենց հրամանատարությանը՝ խնդրելով դադարեցնել զորացրումները եւ թույլատրել շարունակել ծառայությունը իրենց համածառայակիցների ու հրամանատարների կողքին, քանի դեռ հաղթանակի վերջակետը դրված չէ, եւ քանի դեռ հակառակորդը ոտնձգությունների մտադրություն ունի:
«Ինչպես և ՊՆ-ն հայտարարել է, կարիք չկա լրացուցիչ ուժերի. Զինված ուժերը վստահորեն կատարում են իրենց խնդիրը, ուստի զորացրումը եւ զորակոչը ընթանում են բնականոն հունով: Շնորհակալ ենք իհարկե տղաներին, կամավորներին՝ իրենց ցուցաբերած պատրաստակամության համար, շատ բարձր ենք գնահատում դա, բայց անհրաժեշտությունը չկա»,- մեր զրույցում մանրամասնեց Ստեփանյանը: Նա ընդգծեց, որ զինվորները հարյուրավոր դիմումներ, զեկուցագրեր են գրում, խնդրում են հրամանատարությանը, չեն ցանկանում տուն վերադառնալ, թողնել իրենց զորամասը, բայց զորացրումը իրականացվում է բնականոն հունով:
Բանակ ինֆոն այսօր տեսանյութ էր հրապարակել, որտեղ զորացրման ենթակա զինծառայողները քննարկում էին, թե ինչ սրտով գնան, անփորձ նորակոչիկներին ինչպես միայնակ թողնեն:
«Երկու տարի մենք ինչ ստեղ ենք, այս օրվա համար ենք ծառայել, այս օրվա համար ենք պատրաստվել: Մենք զենքին լավ տիրապետում ենք: Ու հիմա չենք կարող իրենց թողնել, ինչքան էլ մեր օրը լրացել է»,- նշում է զինծառայողներից մեկը:
Հարակից հրապարակումներ`
- Եվ ինչ-որ մեկի մտքով անցնում է, որ այս զինվորին, այս բանակին, այս սերնդին, այս ազգին հնարավոր է հաղթե՞լ․Փաշինյան
- 3-րդ զորամիավորման ժամկետային զինծառայողները խնդրել են թույլ տալ շարունակել ծառայությունը. ՊՆ