Ճգնաժամի պայմաններում խոշոր հարկատուները 18,3 մլրդ ՀՀ դրամ ավելի քիչ հարկ են վճարել պետբյուջե․Ս․Պարսյան
Ճգնաժամի պայմաններում խոշոր հարկատուները 18,3 մլրդ ՀՀ դրամ ավելի քիչ հարկ են վճարել պետբյուջե․ Օր առաջ անհրաժեշտ է հրաժարվել համահարթ հարկումից Այս մասին գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
«ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կողմից հրապարակվել է առաջին 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից 2020 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում վճարված հարկերի մասին տվյալները։ Մասնավորապես՝ 2020 թվականի 1-ին կիսամյակում հավաքագրվել է շուրջ 492,7 մլրդ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 18,3 մլրդ ՀՀ դրամով կամ 3,6 տոկոսով։ Հատկանշանակ է, որ շաբաթներ առաջ ՊԵԿ-ը հայտարարեց, որ 2020 թվականի 1-ին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ընդհանուր հարկային եկամուտների նվազումը կազմել է 17.6 մլրդ ՀՀ դրամ կամ 2.3 տոկոս: Պարզ համադրման արդյունքում ստացվում է, որ այս տարվա հարկային թերհավաքագրումների հիմնական «մեղավորները»՝ խոշոր հարկ վճարողներն են։
Ստեղված իրավիճակը ճիշտ գնահատելու և լուծումներն առաջարկելու համար պետք է դիտարկել հարկային մուտքերը ըստ հարկատեսակների։
Եվ այսպես․ այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում մաքսային մարմնի կողմից հավաքագրումները նվազել են 17 մլրդ ՀՀ դրամով կամ 17,5 տոկոսով, որի հիմնական պատճառը ներկրման ծավալների 12,8 տոկոսով կրճատումն է․ զգալի կրճատվել են ավտոմեքենաների ներկրումը և սառեցվել են բազմաթիվ ներդրումային նախագծեր։
Կանխատեսելի էր շահութահարկից մուտքերի 22 մլրդ ՀՀ դրամով կամ 20,1 տոկոսով կրճատումը, ինչը հիմնականում պայմանավորված է հարկային օրենսդրության փոփոխությամբ, մասնավորապես՝ կազմակերպությունների շահութահարկի կանխավճարի մեծությունը նվազեցվեց, ինչպես նաև կազմակերպությունները ազատվեցին 3-րդ եռամսյակի համար նախատեսված շահութահարկի կանխավճարից, բացի այդ, այս տարվա ընթացքում ձեռք բերված հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումները արագացվեցին։ Շահութահարկից մուտքերի կրճատումը շարունակվելու է ոչ միայն այս տարվա, այլև հաջորդ տարվա ընթացքում, քանի որ մեր նեոլիբերալ իշխանությունները հարկումը եկամտից տեղափոխեցին սպառում, այսինքն՝ բարձրացնելով անուղղակի հարկերը՝ ակցիզային հարկը, ԱԱՀ-ն՝ ունևորներին, օլիգարխներին զիջված հարկային բեռը տեղափոխեցին ողջ հասարակության վրա, ինչի արդյունքում՝ շարքային քաղաքացիները ստիպված են ավելի թանկ վճարել ծխախոտի, ալկոհոլային խմիչքների, դիզելային վառելիքի, բենզինի և այլ ապրանքների համար։
2020 թվականի հունվարի 1-ից եկամտային հարկի դրույքաչափերը համահարթեցվեցին․ անկախ աշխատավարձի մեծությունից բոլորը վճարելու են միևնույն՝ 23 տոկոս եկամտային հարկը, ինչը, անշուշտ, անարդար է և անարդյունավետ։ Համահարթեցման հեղինակները պնդում էին, որ սա խթան կհանդիսանա իրական աշխատավարձերի գրանցման համար, ինչի արդյունքում պետական բյուջեն մեծ կորուստներ չի կրի։ 2020 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում եկամտային հարկից մուտքերը նվազել են 4,3 մլրդ ՀՀ դրամով կամ 4,1 տոկոսով․ սա այն դեպքում, երբ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աշխատատեղերը ավելացել են շուրջ 50 հազարով, իսկ միջին ամսաման անվանական աշխատավարձը, այս ճգնաժամի պայմաններում, համաշխարհային օրինաչափություններից դուրս, աճել է 7,9 տոկոսով։
ԱԱՀ-ի շուրջ 1,2 մլրդ ՀՀ դրամի կամ 0,6 տոկոսի կրճատումը գլխավորապես պայմանավորված է սպառման ծավալների կրճատմամբ, մասնավորապես՝ այս տարվա հունվար-մայիս ամիսներին առևտրի ոլորտը նվազել է 10,2 տոկոսով, ինչը աննախադեպ վատ ցուցանիշ է վերջին տասնամյակների համեմատ։ Չնայած ֆինանսատնտեսական ճգնաճամի բացասական ազդեցությանը՝ ԱԱՀ-ի հավաքագրումների ներկայիս մակարդակը բացատրվում է նաև ստվերի դեմ պայքարով և հարկային համակարգում կոռուպցիայի նվազմամբ։
Ակցիզային հարկից մուտքերը ավելացել են 3,3 մլրդ ՀՀ դրամով կամ 7,4 տոկոսով։ 2020 թվականի հունվարի 1-ից 10 տոկոսով բարձրացան ծխախոտի և ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկի դրույքաչափերը, ինչպես նաև վերջին տարիներին ունենք մեծ քանակության օրինական և ապօրինի ծխախոտի վերարտահանում։
Այլ հարկերի և վճարներից մուտքերի 1 մլրդ ՀՀ դրամով կամ 1,6 տոկոսով աճը կարելի է բացատրել տնտեսության մեջ ստվերի կրճատման դրական միտումներով։
Ամփոփելով վերոգրյալը, փաստեմ, որ ստվերի կրճատման և կոռուպցիայի դեմ պայքարի շնորհիվ մասամբ հաջողվում է ապահովել հարկային եկամուտները, որոնց հավաքագրումը էականորեն դժվարանալու է հաջորդ ամիսների ընթացքում՝ հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված ֆինանսատնտեսական ճգնաժամը և սխալ հարկային քաղաքականությունը։ Այս ճգնաժամի ազդեցությունը երկար ժամանակ զգացնել է տալու, և օր առաջ հարկավոր է վերանայել համահարթ և ծայրահեղ նեոլիբերալ տնտեսական քաղաքականությունը։ Հակառակ դեպքում ստիպված ենք լինելու ավելացնել պետական պարտքը կամ կրճատել (հետաձգել) բազմաթիվ սոցիալական ծրագրեր։ Այո, շատ ունեցողը պետք է ավելի շատ վճարի»,-գրել է Պարսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի