Հայտնի են Վ․ Համբարձումյանի անվ․ 2020թ միջազգային մրցանակի հաղթողները
Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան 2020թ. միջազգային գիտական մրցանակը շնորհվում է Ալեքսանդր Սալային, Իզաբել Բարաֆին և Ադամ Բարոուզին։ Այս մասին հայտնում են ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանից։
Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակն աստղագիտության և աստղաֆիզիկայի և հարակից գիտությունների կարևոր մրցանակներից մեկն է: Այն շնորհվում է որևէ երկրի և ազգության ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ոլորտում նշանակալից ներդրում ունեցող ականավոր գիտնականներին:
Մրցանակը շնորհվում է 2010 թվականից ի վեր յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ: 2010-2016 թթ. այն սահմանվել է ՀՀ կառավարության կողմից որպես 500,000 ԱՄՆ դոլար: 2018թ.-ից սկսած այն կազմում է 300, 000 ԱՄՆ դոլար:
Մրցանակի համար շնորհվում է մրցանակի դափնեկրի դիպլոմ, պատվոնշան՝ այն հավաստող հավաստագրով, 200,000 ԱՄՆ դոլարի չափով դրամական պարգև և 100,000 ԱՄՆ դոլարի չափով դրամական միջոցներ, որոնք մրցանակը ստանալու հաջորդող երկու տարիների ընթացքում, օգտագործվում են Հայաստանի Հանրապետությունում աստղաֆիզիկայի, ինչպես նաև դրան հարակից ֆիզիկայի և մաթեմատիկայի բնագավառների հետագա զարգացման համար ըստ հետևյալ նպատակների. 50000 ԱՄՆ դոլարի չափով ՝ գիտահետազոտական նախագծերի համար, 25000 ԱՄՆ դոլարի չափով՝ ՀՀ գիտնականների արտասահմանյան աշխատակցությունների համար, 15000 ԱՄՆ դոլարի չափով՝ Հայաստանում գիտական միջոցառումների կազմակերպման համար, 7200 ԱՄՆ դոլարի չափով՝ պետական բուհերում մագիստրոսի ուսումնական ծրագրով ուսումնառող ուսանողների կրթաթոշակների համար և 2800 ԱՄՆ դոլարի չափով՝ աստղագիտության հանրայնացման նախագծերի համար:
Միջազգային հանձնաժողովը բաղկացած է 9 ականավոր գիտնականներից. ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյան (ՀՀ ԳԱԱ նախագահ, Հայաստան, հանձնաժողովի նախագահ), պրոֆ. Քսավիեր Բարկոնս (Գերմանիա), պրոֆ. Ջոսլին Բել Բառնել (Մեծ Բրիտանիա), պրոֆ. Միշել Մայոր (Շվեյցարիա), պրոֆ. Բրայան Շմիդտ (Ավստրալիա), պրոֆ. Անատոլի Չերեպաշչուկ (Ռուսաստան), պրոֆ. Վահե Պետրոսյան (ԱՄՆ), պրոֆ. Ջոզեֆ Սիլք (Մեծ Բրիտանիա) և Էվին Վան Դիսխուկ (Նիդերլանդներ)։
Թեկնածուների առաջադրումների վերջնաժամկետն էր ապրիլի 18-ը, և միջազգային հանձնաժողովը գիտությունների ազգային ակադեմիաներից, համալսարաններից և աստղադիտարաններից ստացել էր ականավոր գիտնականների և գիտական խմբերի 8 առաջադրում աշխարհի տարբեր երկրներից:
Ներկայացված աշխատանքների մանրակրկիտ ուսումնասիրության, ինչպես նաև անկախ գրախոսների կարծիքների հիման վրա, հանձնաժողովը մի շարք քննարկումներ ունեցավ, և արդյունքում որոշվեց մրցանակի գումարի կեսը շնորհել պրոֆ․ Ալեքսանդր Սալային, իսկ մյուս կեսը հավասարապես բաժանել պրոֆ․ Իզաբել Բարաֆի և պրոֆ․ Ադամ Բարոուզի միջև։
.Պրոֆեսոր Ալեքսանդր Սալայ (Ջոնս Հոփքինսի համալսարան, Բալթիմոր, ԱՄՆ), առաջադրված Նոբելյան մրցանակի դափնեկիր Ադամ Ռիսի կողմից «Տիեզերքում մութ նյութի՝ որպես չեզոք, թույլ փոխազդող մասնիկ լինելը ցուցադրող իր առաջնային աշխատանքի և տվյալների վրա հիմնված վիճակագրական տիեզերաբանության մեջ իր ներդրումների համար»։
.Պրոֆեսոր Իզաբել Բարաֆ (Էքսետերի համալսարան, ՄԹ և Լիոնի CRAL/ENS, CNRS, Ֆրանսիա), առաջադրված Էքսետերի համալսարանի (ՄԹ) կողմից «Ցածր զանգվածով աստղերի, գորշ թզուկների և արտարեգակնային մոլորակների բնագավառում իր հիմնարար ներդրումների և աստղասեյսմաբանության և կոմպակտ կրկնակիների ոլորտում նորարարական գաղափարների համար»։
.Պրոֆեսոր Ադամ Բարոուզ (Աստղաֆիզիկական գիտությունների բաժին, Փրինսթոնի համալսարան, ԱՄՆ), առաջադրված Փրինսթոնի համալսարանի (ԱՄՆ) կողմից «Գորշ թզուկների և արտարեգակնային մոլորակների տեսություններում իր բեղմնավոր և առաջնային ներդրումների և գորշ թզուկների և արտարեգակնային մոլորակների հետազոտությունների առաջնագծում գիտնականների սերունդ աճեցնելու գործում նրա առաջատար դերի համար»։
Մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը տեղի կունենա 2020թ․ սեպտեմբերի 18-ին։
Հարակից հրապարակումներ`
- Ընդունվում են Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի 2020թ. հայտերը
- Նոբելյան մրցանակակիրը Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակի առաջին դափնեկիրն է
- Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հաղթողները հայտնի կդառնան այս ամսվա վերջին
- ՀՀ ԳԱԱ նախագահ. Մեծ կարևորություն է դարձել «Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը»
- Հայտնի են Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի 2014թ. հաղթողներ