Ուռուցքաբանական հիվանդությունից մահացածներին ներառո՞ւմ են կորոնավիրուսի վիճակագրության մեջ
Հոգեբան Միհրդատ Մադաթյանն այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտնեց, որ վարչապետի ներկայացրած թվերից իրեն զարմացրել է այն տվյալները, ըստ որոնց, 200-ով պակասել է ուռուցքաբանական հիվանդություններից մահացածների թիվը:
Հոգեբանը նկատեց, որ ոչ մի լուրջ միջոցառում չի արվել, որպեսզի օնկոհիվանդությունից առողջացում տեղի ունենա:
Նկատելով, որ տարիներ շարունակ Հայաստանում այդ հիվանդությունից մահացության թիվը եղել է կայուն՝ 1400-ի սահմաններում՝ Միհրդատ Մադաթյանը հռետորական հարց բարձացրեց՝արդյոք այդ մահացությունները չեն գրվել որպես կորոնավիրուս և ներկայացվել դրա վիճակագրությունում:
Բանախոսը հռետորական հարց բարձրացրեց, թե արդյո՞ք առողջապահության ոլորտի պատասխանատուները հետաքրքրվում են մյուս հիվանդությունների կրճատման վիճակագրությունով: Նա ենթադրեց, որ կորոնավիրուսից մահացության տոկոսն այնքան չէ, ինքանով սարսափեցնում են հասարակությանը:
Հոգեբանի խոսքով, այս ֆարսը դառնում է անհետաքրքիր և ևս մեկ ամսով արտակարգ իրավիճակի երկարաձգելն արդեն ժողովրդի համար զավեշտի է վերածվել:
Ըստ նրա, կորոնավիրուսը ձեռնտու է օրվա իշխանություններին և նրանք ամեն ինչ անելու են, որ այն երկար մնա:
«Աշխարհի դեմ մենք սիրուն, պուպուշ ենք ներկայանում աելով՝ մենք դեմոկրատական ենք, մենք հո՞ չենք արգելում, որ բողոքեն, թող բողոքեն, ուղղակի կորոնավիրուս է, պտի բռնենք, հասկացե´ք, այդպես է ձևը»,- հիշեցնելով Գագիկ Ծառուկյանի աջակիցներին բերման ենթարկելու դեպքը՝ վերևում ասած իր դատողությունը հիմնավորեց Միհրդատ Մադաթյանը։
Անդրադառնալով դիմակների խնդրին՝ հոգեբանը շեշտեց, որ 40 աստիճանի պայմաններում թթվածնի տոկոսային քանակը բավականին պակասում է և դիմակ դնելուց մարդիկ կարող են շնչահեղձ լինել:
Նրա խոսքով, դիմակի տակ կուտակվող կոմուլյացված բակտերիաները բերում են քթի աճառի բորբոքման: Նման դեպք արձանագրվել է Մադաթյանի ընտանիքում և բժիշկներին դիմելիս նրանցից տեղեկացել է, որ այն ներկայում Հայաստանում համատարած բնույթ է կրում: