Նորամարգի բնակիչներն ու ուսուցիչները պահանջում են դպրոցի տնօրենի արդար ընտրություն
Նորամարգ գյուղի դպրոցում աշխատող մանկավարժներին ու աշակերտների ծնողներին դպրոցի տնօրենի մրցույթի ձգձգումը, դրանից բխող կասկածներն ու մտահոգություններն այսօր բերել էին Արտաշատ քաղաքում գտնվող Արարատի մարզպետարանի շենքի դիմաց։
«Հուլիսի 17-ին ինչ-ինչ պատճառներով՝ չներկայացան նրանք, ովքեր պետք է ներկա լինեին և ընտրությունը չկայացավ։ Մենք պահանջում ենք, որ պետք է լինի արդար ընտրություն»,- ասում է ծնողներից Լուսինե Ջավադյանը։
Նա նշում է, համայնքի բնակիչների մեծ մասն աջակցում են դպրոցի գործող տնօրեն Ծովինար Գալստյանին։ Ասում են՝ վերջինն աշխատասեր է, նվիրված դպրոցին, աշակերտներին լավ է վերաբերում, մթնոլոտն էլ խաղաղ է։
«Մենք ունենք բարեփոխման ծրագրեր, ծնողական ժողովների ժամանակ քննարկում ենք դրանք, ուզում ենք դրանք կյանքի կոչել, դեռ անելիքներ ունի»,- նշում է Լ. Ջավադյանը։
Մրցույթին չեն մասնակցել ԿԳՄՍ նախարարության, մարզպետարանի, համայնքապետարանի ներկայացուցիչները։ Մանկավարժական խորհրդի անդամները փորձել են կապ հաստատել ու պարզել պատճառները, չեն կարողացել որևէ բան ճշտել։
Ակցիայի մասնակիցները կարծում են, որ մրցույթի ձգձգումը միտումնավոր է։ Եվս մեկ անգամ մրցույթ է նշանակվել հուլիսի 22-ին։ Մրցույթին բացի դպրոցի գործող տնօրենից առաջադրված են Մասիս քաղաքից երկու թեկնածու։
«Այսօր եկել ենք այստեղ, որպեսզի մարզպետից խնդրենք, պահանջենք, հետևողական լինի ու ապահովի մարզպետարանի ներկայացուցչի ճիշտ ժամանակին դպրոցում լինելը։ Մենք ասում ենք, թող լինի արդար ընտրություն, ով էլ ընտրվի, մենք կշնորհավորենք նրան»,- ասում է դպրոցի խորհրդի քարտուղարը։
Նրանք մարզպետարանի աշխատակից Ալբերտ Մկրտչյանին հանձնեցին նամակը, ներկայացրեցին խնդիրը։
Մկրտչյանն ի պատասխան ասաց, տեղյակ չէ, թե ինչու մրցույթին չեն մասնակցել վերոնշյալ անձինք։ Խորհուրդ տվեց առաջիկա մրցույթի մասին պատշաճ կերպով ծանուցել խորհրդի անդամներին։
Նա նշեց, որ մարզպետարանը չի կարող երաշխիք տալ, որ այդ մարդիկ ներկա լինեն, քանի որ ֆիզիկական անձինք են։ Այնուամենայնիվ խոստացան՝ անել հնարավորը, որպեսզի մրցույթը կայանա։