Հայկ Ալումյան. Էս տեսակի վերացական ու անորակ մեղադրանքով դատարանը քննություն չպետք է նշանակեր
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը, արձագանքելով մեղադրող կողմի այն հայտարարությանը, թե պաշտպանական կողմի՝ դատական նիստին կանչման ենթակա անձանց ցուցակում մի քանի անձ ընդգրկելու միջնորդությունը պատճառաբանված չէ, նշեց, որ գուցե նախորդ նիստին չմասնակցած դատախազ Պետրոս Պետրոսյանը իրազեկված չէ։
Փաստաբանը նկատեց, որ մեղադրանքում գրված է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ճնշում է գործադրել ՍԴ անդամների վրա, սակայն ՍԴ անդամները դատակոչված չեն։
«Էս որակի մեղադրական եզրակացության տակ ստորագրել է պարոն Պետրոսյանը։ Մեղադրանքում ոչ միայն մանրամասնած չէ, թե ում նկատմամբ է ճնշում գործադրվել, այլև դատակոչված չեն ՍԴ անդամները»,-ասաց Ալումյանը՝ չհամաձանելով դատախազի այն առաջարկի հետ, որ պետք է միջնորդությունը պետք է թողել առանց քննության կամ հետաձգել այն։
Ալումյանի խոսքով, մեղադրանքը վերացական է ու անորակ, նման մեղադրանքով դատարանը չպետք է դատական քննություն նշանակեր։
«Մենք ասում ենք, բոլորին բերեք, տեսնենք՝ թե ում նկատմամբ է ճնշում եղել, բերեք, մենք կապացուցենք, որ ոչ մի ճնշում էլ չի եղել։ Հիմա ես սրանից պատճառաբանված միջնորդություն ու նման չպատճառաբանված առարկություն նույնիսկ տեսականորեն դժվար է հորինել»,-ասաց նա։
Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանն էլ պնդեց, որ միջնորդությունը ենթակա է բավարարման ու հենց այս փուլում։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նախորդ նիստին միջնորդել է դատարան հրավիրել 2008 թ․ մարտի 8-ի դրությամբ ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Գագիկ Հարությունյանին, դատավորներ Հրանտ Նազարյանին, Վլադիմիր Հովհաննիսյանին, Ֆելիքս Թոխյանին և Կիմ Բալայանին, ովքեր մասնակցել են ՀՀ նախագահի թեկնածուներ Լևոն Տեր-Պետրոսյանի ու Տիգրան Կարապետյանի դիմումների հիման վրա ԿԸՀ 2008 թ․ փետրվարի 24-ին ՀՀ նախագահ ընտրվելու մասին որոշումը վիճարկելու վերաբերյալ գործի քննությանը և կարող են գործի համար կարևոր նշանակության տեղեկություններ հայտնել այդ գործի քննության հետ կապված ՍԴ դատավորների նկատմամբ ճնշում գործադրելու մասին։
Հարակից հրապարակումներ`
- Պաշտպանները միջնորդեցին լրացնել դատակոչի ցուցակը և դատարան հրավիրել մի շարք նախկին պաշտոնյաների
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին գնահատել Քր․ Օր․-ի 300 հոդվածի սահմանադրականության հարցը
- Սեյրան Օհանյանի ու Յուրի Խաչատուրովի փաստաբանները պնդեցին քրգործի վարույթը կասեցնելու մասին իրենց միջնորդությունները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան