Որոշ մասնագետների կարծիքով Սևանը մեռնող լիճ է.Վահագն Վարագյան
«Երբ 11 ամսվա ընթացքում լճում հանգստացողներ չկան, մեր ուշադրությունից դուրս են նրա խնդիրները, իսկ այն երեք ամիսներին, երբ հանգստացողներ են լինում և Սևանը կանաչում է, մենք սկսում ենք բոլորով խոսել այդ խնդիրների մասին»,- այսօր Սևանա լճի հարակից հատվածում կազմակերպված «Կանաչ ապագա» բնապահպանական հասարակական նախաձեռնության հիմնադիր համագումարի ժամանակ հայտնեց նախաձեռնության անդամ Վահագն Վարագյանը:
Նրա խոսքով, Սևանա լիճը լուրջ բնապահպանական խնդիրներ ունի և որոշ մասնագետների կարծիքով համարվում է մեռնող լիճ:
Վարագյանը համոզված է, որ Սևանը փրկելու արձագանքները, որոնք պետք է լինեն հասարակության, և պատկան մարմինների կողմից ուշանում են:
Այս ամենի հիմքում բանախոսը տեսնում է հասարակության տեղեկացվածության պակասի, անբավարար էկոլոգիական դաստիարակության ու կրթության մեջ:
Վարագյանի կարծիքով, դպրոցական տարիքից հասարակությունը պետք է ստանա էկոդաստիարակություն, որպեսզի երբ լինեն բնապահպանական խնդիրներ, դրանց ժամանակին արձագանքեն և չհասցվեն սրված վիճակի:
Բնապահպանական խնդիրների թվում նա առանձնացրեց հանքավայրերի շահագործումը, երբ օտարերկրյա հանքշահագործողներն իրենց երկրում օրինապահորեն են գործունեություն ծավալում, քանի որ բնապահպանության համար շատ գումար են վճարում, իսկ Հայաստանում նույն կերպ չեն գործում:
Նկատելով, որ Ամուլսարի խնդիրը դարձել է մեր ազգային օրակարգի հիմնական հարցերից մեկը՝ Վահագն Վարագյանը նկատեց, որ ժամանակին ասված էր, որ այնտեղ կան կարմիրգրքային տեսակներ և շահագործումը չպետք է սկսվեր: