Դատարանը մերժեց դատախազներին բացարկ հայտնելու միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց Մարտի 1-ի գործով տուժող Սերգեյ Եղիազարյանի ներկայացուցիչ Էդուարդ Ասլանյանի՝ մեղադրանքը պաշտպանող դատախազներին բացարկ հայտնելու միջնորդությունը։ Որոշումը ենթակա չէ բողոքարկման։
Հիշեցնենք, որ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով այսօրվա դատական նիստին Ասլանյանը հայտարարեց, որ մեղադրանքի եզրակացության մեջ ներառված չեն 2008թ մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ մի շարք փաստաթղթեր և ապացույցներ, այդ թվում՝ Եղիազարյանին տուժող ճանաչելու մասին որոշումը։
Ներկայացուցչի խոսքով՝ փաստաթղթերի բացակայության պատճառով տուժողը նույնիսկ զրկվել է աջակցություն ստանալու հնարավորությունից, ինչի մեղավորները նախաքննության ընթացքում վերահսկողություն իրականացրած դատախազներն են։
Ասլանյանի խոսքով՝ մեղադրող կողմը ոչ թե պաշտպանում է տուժող կողմի շահերը, այլ մանիպուլացնում է դրանք։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նկատեց, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունից և տուժող ճանաչելու որոշումից բացի կա ևս մեկ չափանիշ՝ տուժողի դիրքորոշումը, որից կախված նա պետությունից հատուցում է ստանում կամ չի ստանում։
Պաշտպանական կողմը միացավ դատախազներին բացարկ հայտնելու միջնորդությանը՝ դատարանի ուշադրությունը հրավիրելով դատախազների մի շարք գործողությունների վրա։ Որպես օրինակ պաշտպան Արամ Վարդևանյանը հիշեցրեց պաշտպանական կողմի միջնորդություններ ներկայացնելու իրավունքը սահմանափակելու դատախազության միջնոդությունը։
Աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված այսօրվա դատական նիստը հետաձգվեց․ հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 28-ին, ժամը 13։00-ին։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով տուժողի ներկայացուցիչը բացարկ հայտնեց մեղադրող կողմին
- Դատավոր Դանիբեկյան. Մեժլումյանի և Ալումյանի միջնորդություներն այս փուլում լուծում ստանալ չեն կարող
- Սեյրան Օհանյանի փաստաբանը միջնորդեց դատարան հրավիրել ԱԺ նախկին նախագահին ու պատգամավորների
- Հայկ Ալումյան. Էս տեսակի վերացական ու անորակ մեղադրանքով դատարանը քննություն չպետք է նշանակեր
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա