ԱՄՆ-ն առգրավել է Թուրքիայի համար արտադրված 8 միավոր F-35 կործանիչները
Թուրքիայի համար արտադրված 8 միավոր F-35A Lightning II 5-րդ սերնդի կործանիչները փոխանցվել են ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հաշվեկշռին։ Նշվում է, որ դեռևս նախորդ շաբաթ ԱՄՆ-ի սենատի համապատասխան հանձնաժողովը երկրի ռազմաօդային ուժերին նշյալ կործանիչները մոդիֆիկացիայի ենթարկելու թույլտվություն էր տվել։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Այս շաբաթ կործանիչներն արտադրող ամերիկյան «Lockheed Martin» ընկերությունը, կործանիչների վրա ներկով արված գրությունները փոխարինելով նոր գրություններով, հանձնել է ԱՄՆ-ի ԶՈւ-ին։
Նախորդ շաբաթ էլ արտադրող ընկերությունը F-35 ռազմական ինքնաթիռների արտադրության համար բացված ինտերնետային կայքի «միջազգային մասնակիցներ» բաժնից հեռացրել էր Թուրքիայի անունը։
Հիշեցնենք, որ 5-րդ սերնդի գերժամանակակից F-35 կործանիչների նախագիծն համատեղ իրականացվում է ՆԱՏՕ-ի անդամ 1 տասնյակ երկրների կողմից։ Ի սկզբանե նախագծին մասնակցում էր նաև Թուրքիան, սակայն Ռուսաստանից S-400 բարձր հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու պատճառով Վաշինգտոնի նախաձեռնությամբ կասեցվեց Թուրքիայի մասնակցությունը կործանիչների արտադրության ծրագրին, իսկ այդ երկրի համար արդեն արտադրված կործանիչները չմատակարարվեցին նրան։