Ի՞նչ պատկեր է արձանագրել ԱԱՏՄ-ն Գյումրիում
83 մշտադիտարկում՝ 1 օրում, Գյումրիում տնտեսավարողների կողմից անվտանգության կանոնների պահպանումը գնահատվում է բարվոք։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցերն այսօր Գյումրիում արձանագրել են առավելապես թեթև խախտումներ՝ տեղում վերացման ենթակա։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։
Արտադրություններ, բժշկական հաստատություններ, դեղատներ, վարսավիրանոցներ, խանութներ և ոչ միայն․ Գյումրիում դրանք այսօր կրկին ԱԱՏՄ Հյուսիսային տարածքային կենտրոնի խոշորացույցի ներքո էին։
ԱԱՏՄ մասնագիտական խմբերն այսօր դիտարկել են կարի 3 խոշոր արտադրություն։ Դրանցում կոպիտ խախտումներ և թերություններ չեն արձանագրվել, մինչդեռ նախորդիվ այս արտադրությունները բավականին լուրջ խախտումների համար ենթարկվել էին կասեցման 24, ընդհուպ մինչև 72 ժամով։
Ատամնաբուժական, առաջնային օգնության բժշկական հաստատություններում արձանագրվել են որոշակի թերություններ, սակայն գերակշիռ մասի դեպքում դրանք կասեցման հիմք չեն հանդիսանում։
Տեսչական մարմինը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել այն հիմնարկները, որոնցում, ըստ տվյալների, արձանագրվում է վարակակիրների մեծ թիվ։
Համավարակի տարածումը կանխելու նպատակով պարետի սահմանած անվտանգության կանոնների դիտարկումը մշտական է, անակնկալ։ Դրանք պարբերաբար ուժեղացված ռեժիմով ընթանում են այս կամ այն քաղաքում, Երևանի այս կամ այն վարչական շրջանում։ Համակցված, կոպիտ խախտումների դեպքում դրանք թույլ տված տնտեսավարողների գործունեությունը ենթարկվում է ժամանակավոր կասեցման ընդհուպ մինչև մի քանի օրով։
Կասեցումներ եղել են նաև այսօր, թեև վերջին շրջանում դրանց թիվը կտրուկ նվազել է։
ԱԱՏՄ-ն շեշտում է՝ անվտանգության կանոնները բխում են հանրային առողջապահական շահից և ենթակա են պարտադիր կատարման, այլապես սահմանված են վարչական պատասխանատվության միջոցներ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան